Այսօր՝ ապրիլի 5-ին կայացել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հերթական դատավարությունը՝ պետական բյուջեից խոշոր գումարի յուրացման գործով, որի ժամանակ Սաակաշվիլին խոսել է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին: Վրաստանի երրորդ նախագահը հայտարարել է, որ մինչ Ուկրաինան պատրաստվում է հաղթանակի, Վրաստանում պատրաստվում են երկիրը հանձնել օկուպանտներին։
«Այս ամբողջ ընթացքում Ուկրաինան պատրաստվում է հաղթանակի, իսկ մենք պատրաստվում ենք կապիտուլյացիայի, հանձնվելու՝ «դե, դուք պատերազմ ուզո՞ւմ եք» կարգախոսով, ես ուզում եմ ասել այդ մարդկանց, որ իսկական պատերազմը կսկսվի լռելուց և հանձնվելուց հետո» — ասել է Սաակաշվիլին:
Նշենք, որ այս դատական գործով մեղադրանք է հարուցվել նաև Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային:
Դատավարությունը կայացել է Թբիլիսիի քաղաքային դատարանում, ներկա են գտնվել երկու մեղադրյալներն էլ:
Դատախազությունը նրանց մեղադրում է բյուջեից խոշոր գումարի յուրացման մեջ՝ մոտ 9 մլն լարի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մարտի 24-ին Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը։