Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտարարել է, որ որդին ուղղակի չի կարողանում սնվել։
«Նա չի հրաժարվում, այլ ի վիճակի չէ սնունդ ընդունել, դժվար է դա նրա համար։ Ես դա վկայում եմ որպես ականատես»,- ասել է Գիուլի Ալասանիան։
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն օրերս հայտարարել էր, որ նախկին նախագահը ընդունում է այն սնունդը, որն ուզում է։ Չխաիձեի խոսքով Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է, սակայն շատ բան կախված է պացիենտից։
«Իհարկե, նա պետք է լիարժեք սնվի, ինչը չի անում։ Ընդունում է միայն իր ուզածը, այն էլ այն օրերին, երբ ուզում է, ոչ ամեն օր։ Սա չի նշանակում, որ նա չի կարող ուտել, հավանաբար, չի ուզում»,- ասել էր Չխաիձեն։
Այսօր անազատության մեջ գտնվող Սաակաշվիլին բուժում է ստանում Թբիլիսիում՝ «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոցում:
Վրաստանի արդարադատության նախարար Րատի Բրեգաձեն իր հերթին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Սաակաշվիլին չի ցանկանում ենթարկվել բուժման կուրսին։
Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր քարտուղարության անդամները քննարկում են առաջիկա օրերի գործողությունների պլանը դեկտեմբերի 9-ին նշանակված դատական նիստից առաջ։
Ընդդիմադիր գործիչը համախմբվածության կոչ է անում Սաակաշվիլիի դատին ընդառաջ