
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ուկրաիներենով գրված նամակ է հրապարակել, որտեղ նշել է, որ անձամբ ցանկանում է մասնակցել Ուկրաինայի ազատության համար մղվող պայքարին։
Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը բանտարկված է վրացական բանտում, բայց սիրտը Ուկրաինայում է։
«Իմ առողջությունը ցնցված է, բայց ես ուզում եմ, որ ուկրաինացիներն իմանան, որ ինձ հոգեպես և ֆիզիկապես աջակցում է մեր զինվորների հերոսությունը, ժողովրդի միասնությունը, նախագահ Զելենսկու ղեկավարությունը, ամբողջ աշխարհի աջակցությունն Ուկրաինային և իմ անսահման հավատը՝ հաղթանակի նկատմամբ»,- գրել է Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին, իսկ հոկտեմբերի 1-ին ձերբակալվել, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։ Սա Վրաստանում 5-րդ քրեական գործն է Սաակաշվիլիի դեմ։
Վերջին շրջանում Սաակաշվիլիի փաստաբանները պնդում են, որ նախկին նախագահը կյանքը փրկելու համար հրաժարվում է վրացական քաղաքականությունից։