Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի բյուջետային խոշոր միջոցների յուրացման գործով այսօր՝ հուլիսի 11-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը` վերջինիս առողջական վիճակի պատճառով։
Դատարանից հայտնել են, որ Սաակաշվիլիին առաջարկվել է մասնակցել դատական գործընթացին թե՛ նիստերի դահլիճ ներկայանալով, թե՛ հեռակա կարգով։ Ի պատասխան՝ դատարանը գրություն է ստացել այն կլինիկայից, որտեղ բուժվում է Սաակաշվիլին, որ ամբաստանյալի վիճակը հաշվի առնելով՝ ավելի լավ է նա չմասնակցի գործընթացին։
Հիշեցենք. Սաակաշվիլին ավելի քան երկու ամիս է, ինչ առողջական վիճակի պատճառով չի կարողանում մասնակցել քաղաքային դատարանում քննվող քրեական գործերին։
Նա տեղափոխվել է «Վիվամեդ» քաղաքացիական կլինիկա՝ բուժվելու, թեև նրա ընտանիքն ու թիմակիցները կարծում են, որ նա պատշաճ բուժում չի ստանում այնտեղ և պահանջում են տեղափոխել արտերկիր։
Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլին, որը երկու գործով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Վրաստան է վերադարձել 2021 թվականի սեպտեմբերի վերջին և ձերբակալվել հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների նախորդ օրը։