Սաակաշվիլին 12,5 տարի կանցկացնի բանտում. նոր վճիռ կա

Վրաստանի անազատության պայմաններում գտնվող երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել երկրի սահմանն ապօրինի հատելու համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր՝ մարտի 17-ին, դատավոր Միխեիլ Ջինջոլիան հրապարակեց վճիռը։

Սահմանն ապօրինի հատելու համար նա դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Քանի որ վրացական դատարանները Սաակաշվիլիին ընդհանուր առմամբ արդեն դատապարտել էին 9 տարվա ազատազրկման, դատավոր Ջինջոլիան հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահը բանտում կանցկացնի 12 տարի 6 ամիս։

Այս դատավճռով Սաակաշվիլին պետք է բանտում մնա մինչև 2034 թվականի ապրիլի 1-ը։

Սաակաշվիլին երեք գործով արդեն դատապարտվել է ազատազրկման։

  • Նրա դեմ առաջին դատավճիռը կայացվել է 2018 թվականի հունվարի 6-ին։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Միխեիլ Սաակաշվիլիին հեռակա դատապարտել էր երեք տարվա ազատազրկման Սանդրո Գիրգվլիանիի ծեծի գործով (դատապարտյալներին ներում շնորհելու և նրանց պատժաչափը կիսով չափ կրճատելու համար)՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։
  • 2018 թվականի հունիսին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան կրկին հեռակա կարգով դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլին 2005 թվականին ենթարկվել է հարձակման և ծեծի։ Այս գործով Սաակաշվիլին մեղադրվում էր պաշտոնական լիազորությունները բռնի չարաշահելու և առողջությանը դիտավորությամբ լուրջ վնաս պատճառելու համար։
  • Վերջին դատավճիռներից մեկը կայացվել է 2025 թվականի մարտի 12-ին, երբ Սաակաշվիլին արդեն երեք տարի բանտում էր։ Նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների յուրացման համար («բաճկոնների գործ»)։

Դեռ մեկ գործ էլ կա. Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերության վրա 2007 թվականին հարձակվելու համար:

2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ Ուկրաինայից գաղտնի ժամանած Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Այդ ժամանակվանից նա գտնվում է կալանքի տակ։ Երկարատև հացադուլից հետո 2022 թվականի մայիսի 12-ին Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկից նա տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա, որտեղ շարունակում է բուժումը մինչ օրս։