«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, թեև կլինիկան չի առարկի, եթե երրորդ նախագահը նման ցանկություն հայտնի։
Կլինիկայի տնօրենը հստակեցրել է նաև, որ Սաակաշվիլին այսօր չի ցանկացել տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։ Չխաիձեն պարզաբանել է, որ Սաակաշվիլին ցածր կալորիականությամբ սնունդ է ընդունում, ինչը, պահպանում է միայն նրա կենսական գործառույթները։
Չխաիձեի խոսքով՝ բժիշկները Սաակաշվիլիի պահվածքից հասկացել են, որ երրորդ նախագահը դժվարությամբ է կուլ տալիս սնունդը և փսխում է, ուստի նրան առաջարկվել է արհեստական սնուցում՝ էներգիայի պաշարները համալրելու համար:
«Գլխավորն այն է, որ հիվանդի վիճակը բարելավվի, նա համաձայն է մեզ հետ և ստանում է համապատասխան բուժում»,- նշել է Չխաիձեն։
Ի դեպ, Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից այսօր հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։
Սաակաշվիլին դատավորին ու դահլիճում հավաքվածներին դիմել է ուկրաիներենով, այնուհետև ցույց է տվել, թե ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում։ «Ներողություն հակաէթիկական պատկերի համար: Ինձ տանջում են և թունավորում»,- ասել է Սաակաշվիլին՝ շապիկի տակից ցույց տալով հյուծված, վտիտ մարմինը։