Վրաստանի քրեակատարողական ծառայությունը (ՔԿՀ) հերքում է տեղեկությունը, թե Միխեիլ Սաակաշվիլիին սնունդ չի տրվել։ ՔԿՀ-ի հաղորդմամբ՝ Ռուսթավիի թիվ 12 բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ծանրոցը չի ստացել ընդամենը մեկ օր։
Ծառայությունը մեկնաբանել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Էկա Խերխեուլիձեի հայտարարությունը, ով Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է, թե «փակել են նրա սնունդ ստանալու բոլոր ճանապարհները»։ Խերխեուլիձեի խոսքով՝ թույլ են տվել որոշակի սնունդ ուղարկել Սաակաշվիլիին ծանրոցներով, սակայն բանտի պետերը արգելել են դա։
«Սաակաշվիլին ծանրոցը չի ստացել ընդամենը մեկ օր… Ի գիտություն, Մ. Սաակաշվիլին քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում բազմիցս ստացել է ծանրոցներ։ Հասարակությանն իրազեկելու նպատակով բացատրում ենք, որ Սաակաշվիլին կարող է գնել կանոնադրությամբ չարգելված սննդամթերք նաև հաստատության տարածքում գտնվող խանութից՝ օգտագործելով իր քարտին մուտքագրված գումարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Սաակաշվիլիին, բացի այդ, տրամադրվում է երեքանգամյա սնունդ, ինչպես մյուս բանտարկյալներին։
Քրեակատարողական ծառայությունը հերքել է նաև Սաակաշվիլիի հնարավոր թունավորման մասին մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը` դա անվանելով ծառայության աշխատակիցներին «վարկաբեկող» քայլ։
Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան սոցցանցում գրել է, որ Սաակաշվիլին սոված չէ, այլ պարզապես չի կարող ուտել, ուստի նրա սննդակարգը բաղկացած է եղել միայն ցածր յուղայնությամբ սուլգունի պանիրից և վարունգից։
Նշենք, որ Սաակաշվիլիի կողմնակիցները շարունակում են պահանջել բուժման համար նրան տեղափոխել արտասահմանյան կլինիկա։
Դատական վերջին նիստում Վրաստանի նախկին նախագահը բողոքել էր վատառողջությունից և անբավարար բուժումից՝ նշելով, որ գործնականում չի կարողանում ուտել, ինչի պատճառով նիհարել է 12 կգ։