Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 20 անդամներ համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։
ԵԽԽՎ անդամները մտահոգություն են հայտնել Վրաստանի և Ուկրաինայի հանրային պաշտպանի հանձնարարականները չկատարվելու առիթով:
Ըստ նրանց՝ մի քանի անկախ բժիշկներ Սաակաշվիլիի բանտարկվելուց հետո հաստատել են մի շարք հիվանդություններ և ծանր նյարդաբանական պայմաններ:
ԵԽԽՎ անդամների կարծիքով՝ Սաակաշվիլիին շտապ անհրաժեշտ է տեղափոխել ժամանակակից կլինիկա և բուժել հանգիստ միջավայրում։ Ըստ նրանգ՝ այս ցուցումների չկատարելը կարող է հանգեցնել բազմաթիվ առողջական խնդիրների և մահվան:
«Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կիսում է Սահակաշվիլիի առողջության հետ կապված մտահոգությունները։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանն անել ամեն ինչ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայունացնելու համար»,- ասված է ԵԽԽՎ անդամների տարածած հայտարարության մեջ։
Նրանց խոսքով, կարևոր է բուժումն իրականացնել Եվրոպայում մասնագիտացված կլինիկայում, որն արդեն ունի նմանատիպ դեպքերի կառավարման փորձ։
ԵԽԽՎ անդամների խոսքով՝ սա առաջին հերթին մարդասիրական խնդիր է։
Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ անդամները մտահոգված են վրացական ժողովրդավարության կայունությամբ և մտավախություն են հայտնել, որ հասարակության մեջ առանց այն էլ խորը ճեղքվածքը կարող է ավելի խորանալ։