Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ, եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում շնորհի Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին, ապա դա շատ ծանր կնստի անձամբ իր և իր կարիերայի վրա:
Ըստ քաղաքապետի՝ ծայրահեղ իրավիճակ չկա, և Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը նպատակաուղղված ներկայացումներ են, որոնց գլխավոր բեմադրիչը երրորդ նախագահն է։
«Դա ուղղորդվում է տարբեր երկրներից։ Կնքվել են տարբեր պայմանագրեր, թե ինչպես պետք է իրականացվի PR քարոզարշավը»,- ասել է Կալաձեն։
Նշենք, որ Սաակաշվիլին Ռուսթավիի բանտից բուժման նպատակով տեղափոխվել էր «Վիվամեդ» կլինիկա այս տարվա մայիսին՝ առողջական վիճակի վատթարացումից հետո։
Սաակաշվիլիի ընտանիքի անդամները, փաստաբանները և այլք ամիսներ շարունակ պնդում են, որ Վրաստանում հնարավոր չէ բուժել նրան, և պահանջում են, որ նա տեղափոխվի արտերկիր բուժման նպատակով։ Միաժամանակ բազմիցս Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիին կոչ է արվում Սաակաշվիլիին ներում շնորհել։ Այս խնդրանքով պարբերաբար ակցիաներ են անցկացվում նախագահի նստավայրի մոտ։
Ֆեիգինն ու Արեստովիչը նախատեսում են միջազգային հանրահավաք՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի