Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել են Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի բուժհաստատություն:
«Առողջական վիճակի վատթարացումը կանխելու և վտանգներից խուսափելու նպատակով 12-րդ քրեակատարողական հիմնարկից բանտարկյալ Սաակաշվիլին տեղափոխվել է մեղադրյալների և դատապարտյալների համար նախատեսված Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց», — ասված է ՔՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Սաակաշվիլիի տեղափոխման մասին մինչ այդ տեղյակ չեն եղել ոչ նախկին նախագահի մայրը, ոչ էլ՝ փաստաբանը: Վերջիններս հայտարարել են, որ Սաակաշվիլին առևանգված է:
«Ըստ երևույթին, նրան քիչ առաջ հանել են զրահամեքենաներով, հետո նստեցրել ուղղաթիռ, դրանից հետո թե ուր են տարել՝ չգիտեմ», — լրագրողներին ասել էր Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան։
Քիչ առաջ Միխեիլ Սաակաշվիլիին բուժող բժիշկ Նիկոլոզ Կղիփշիձեն հաղորդել է, որ բժշկական խորհուրդը միաձայն որոշել է հիվանդին շտապ տեղափոխել բուժհաստատություն։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն 39 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։
Նշենք, որ իշխանությունները հրաժարվում էին Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ ասելով, որ անհրաժեշտության դեպքում Սաակաշվիլիին կտեղափոխեն Գլդանիի 18-րդ բուժհաստատություն (բանտային հիվանդանոց)։ Սակայն, ըստ հանրային պաշտպանի, վերոնշյալ հաստատությունը չի համապատասխանում նախկին նախագահի առողջությամբ զբաղվող խորհրդի կողմից սահմանված բժշկական նորմերին։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր