Վրաստանի հասարակության և քաղաքական գործիչների ներկայացուցիչները նամակով դիմել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Գերագույն ռադային և Ուկրաինայի հանրային պաշտպանին։
Նամակի ստորագրահավաքը սկսվել է հունվարի 24-ին Թբիլիսիում կայացած համաժողովում։ Հետագայում նամակը կփոխանցվի Վրաստանում Ուկրաինայի դեսպանատուն՝ Կիև ուղարկելու համար։ Նամակը ստորագրողները խնդրում են Ուկրաինայի իշխանություններին կապ հաստատել Ուկրաինայի դատախազության հետ, հետաքննություն սկսել և բացահայտել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի դեմ «կատարված հանցագործությանը մասնակից բոլոր անձանց»։
«Մենք՝ հասարակական կազմակերպություններս, տարբեր քաղաքական առաջնորդներ, հասարակական գործիչներ, փորձագետներ, ուսանողներ, կարծում ենք, որ Վրաստանի երրորդ նախագահը դարձել է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների զոհ։ Վրաստանի կառավարությունը` ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, փորձում է ֆիզիկապես ոչնչացնել քաղաքական հակառակորդին»,- radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ նշել են ստորագրողները:
Ըստ նրանց՝ 2024 թվականի ընտրություններն ամենակարևորն են Վրաստանի համար և բեկումնային են երկրի եվրոպական ապագայի առումով. «Սաակաշվիլին Վլադիմիր Պուտինի անձնական բանտարկյալն է և ընդհանուր եվրոպական քաղաքական սպեկտրի ամենաառանցքային առաջնորդը, որի ազատությունը Բիձինա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական իշխանության պարտությունն է։
Միաձայն ենք, որ Վրաստանի երրորդ նախագահը քաղբանտարկյալ է և պետք է անվերապահ ազատ արձակվի։ Խնդրում ենք Ուկրաինայի դատախազությանը հետաքննություն սկսել և բացահայտել Միխեիլ Սաակաշվիլիի դեմ կատարված հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»:
Նամակին միացել են նաև Սաակաշվիլիի հիմնած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները։
Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել բոլոր նախաձեռնողներին և հանդիպման բոլոր մասնակիցներին. «Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ուժը միասնության մեջ է, և մենք շատ ենք։ Ես ձեզնից մեկն եմ՝ այստեղ ձեր մեջ և ձեզ հետ»:
Երրորդ նախագահ Սաակաշվիլին բանտում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիին, բացի «Նոյեմբերի 7-ի գործից», ևս երկու գործով մեղադրանք է առաջադրվել։
2022 թվականի մայիսին Սաակաշվիլիին, առողջական վիճակի վատթարացման պատճառով, քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա, մինչ օրս նա այնտեղ է գտնվում։ Սաակաշվիլին իր դեմ հարուցված բոլոր գործերն անվանել է քաղաքական։ Այս տարվա մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ստրասբուրգի դատարանը որպես ժամանակավոր միջոց հրաժարվել է նրան տեղափոխել Վարշավա՝ բուժման նպատակով։