Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ռուսալեզու և վրացալեզու գրառում է կատարել իր ֆեյբուքյան էջում, ուղերձ հղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սակայն գրառումը հասարակության շրջանում բացասական արձագանքների է արժանացել։
Սաակաշվիլիի ուղերձը թարգմանված ներկայացնում ենք ստորև․
«Իմ ուղերձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ես առաջին անգամ եմ դիմում ձեզ և դա անում եմ հրապարակայնորեն, քանի որ շատ մտահոգված եմ մեր տարածաշրջանի և Հայաստանի ճակատագրով։ Ելնելով Ռուսաստանի և Պուտինի հետ շփվելու իմ փորձից, որը վերջերս ԱՊՀ գագաթնաժողովում գործնականում ինձ մեղադրեց այս կազմակերպության փլուզման մեջ, թույլ տվեք ձեզ մի քանի խորհուրդ տալ։ Դուք իշխանության եք եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, այսինքն` Պուտինի տերմինաբանությամբ, գունավոր հեղափոխությամբ, և հավատացեք ինձ, ինչպես էլ նրան հանգստացնեք, հավատարմության երդում տաք, նա երբեք ձեզ չի ների։ Ավելին, ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա ձեր արյան թշնամին է և ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում։ Դա ձեզ տնտեսապես կխեղդի և կօգտագործի հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը:
Պետք է հիշել, որ շատ քիչ ժամանակ ունեք։ Իշխանության գալուց հետո դուք չկարողացաք հիմնարար բարեփոխումներ իրականացնել, ձեր ներկայիս պետական ապարատն իսկապես Կրեմլի հինգերորդ շարասյունն է։ Դուք ուշացել եք եվրաինտեգրումից։ Որքան էլ ձեզ համար դժվար լինի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները նոր հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանին։ Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել Բալթյան երեք երկրների պես՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար դուք պետք է շտապեք և դեն նետեք ցանկացած տատանում, գնաք վա բանկ: Պահանջել անհապաղ դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացնել անդամագրվելու Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։
2013-ին մենք թռանք Երևան՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզուի հետ, ապարդյուն փորձելով համոզել ձեր նախորդին` չմիանալ Մոսկվայի հովանու ներքո գտնվող այս կազմակերպություններից մի քանիսին։
Եվ վերջապես, դուք պետք է բացահայտորեն հայտարարեք և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ և դրանով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։
Անձնական խիզախության և քաղաքական խիզախության պակաս չեք ունենա, և հուսով եմ, որ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել ձեզ և միաժամանակ կործանել ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։
Բոլորիս առջև ծառացած վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ, այս անգամ չեք վարանի։
Հաջողություն ձեզ և հաջողություն հայ ժողովրդին», — գրել է Սաակաշվիլին։
Անդրադառնալով Սաակաշվիլիի գրառմանը, «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ Սաակաշվիլի ուղերձը ավելի ճիշտ կլիներ ուղղված լիներ Ալիևին, քանի որ նա է խախտում արևմտյան պայմանները` պատերազմ սկսելով․
«Սաակաշվիլիի կարծիքով` սա տարածքային ամբողջականության հարց է, այս դեպքում արևմուտքը պետք է աջակցեր Ալիևին, ինչպես Ուկրաինային է աջակցում, բայց այդպես չէ, քանի որ Ուկրաինային աջակցում են, իսկ Ադրբեջանի գործողությունները դատապարտում։ Այդ մասին փաստում է այն, որ ոչ մի արևմտյան երկիր նրան չի շնորհավորել «տարածքային ամբողջականություն վերականգնելու» համար։
Թումասյանը նաև ասել է, որ խաղաղության կոչով Ալիևին չդիմելու պատճառը Սաակաշվիլին ցույց է տվել իր x-ի գրառումներում: Խոսքը Սաակաշվիլիի հոկտեմբերի 2-ի և սեպտեմբերի 21-ի գրառումների մասին է.
რა ხდება დღეს?
აზერბაიჯანი საბოლოოდ იბრუნებს ტერიტორიებს, სომხეთი კი თავისუფლდება რუსეთის ასწლიანი მონობისგან, უკრაინა წარმატებით მიიწევს წინ სამხედრო და დიპლომატიურ ფრონტზე და საქართველო საბოლოოდ კარგავს არა მხოლოდ საერთაშორისო სუბიექტურობას, რომელიც 2013-ში დავკარგეთ, არამედ,…
— Mikheil Saakashvili (@SaakashviliM) September 21, 2023
Սեպտեմբերի 21-ին Սաակաշվիլին գրել է․
«Ի՞նչ է կատարվում այսօր։
Ադրբեջանը վերջապես վերականգնում է իր տարածքները, Հայաստանը ազատվում է հարյուրամյա ռուսական ստրկությունից, Ուկրաինան հաջողությամբ առաջ է շարժվում ռազմական և դիվանագիտական ճակատում, իսկ Վրաստանը վերջապես կորցնում է ոչ միայն միջազգային սուբյեկտայնությունը, որը մենք կորցրեցինք 2013 թվականին, այլև դրա արդյունքում` չլինելով միջազգային սուբյեկտ, կորցնում է իր պետական անկախությունը։
Գործելու ժամանակն է»։
ჩვენს გარშემო მიმდინარეობს ბოროტებისა და სიკეთის დაპირისპირება. აზერბაიჯანმა დააკავა რუბენ ვარდანიანი — რუსი მილიარდერი, რომელიც აქტიურად უჭერდა მხარს რუსეთის აგრესიას უკრაინაში, ასევე ე.წ. არცახის საგარეო საქმეთა მინისტრი — დავით ბაბაიანი, რომელიც აქტიურად ავითარებდა ყარაბაღის…
— Mikheil Saakashvili (@SaakashviliM) October 2, 2023
Մյուս գրառման մեջ, ինչպես պարզաբանեց Թումասյանը, Սաակաշվիլին «բարի» ասելով, նկատի ունի Ադրբեջանին, որին քննադատում է Արևմուտքը, իսկ ինքը` Սաակաշվիլին, չի դատապարտում ոչ էթնիկ զտումները, ոչ ագրեսիան, ոչ ռազմական գործողությունները։
Սաակաշվիլիի գրառումը ստորև․
«Մեր շուրջը շարունակվում է բարու և չարի հակամարտությունը։ Ադրբեջանը ձերբակալել է ռուս միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին, որն ակտիվորեն աջակցում էր Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիային, ինչպես նաև, այսպես կոչված, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին, որն ակտիվորեն զարգացնում էր ղարաբաղյան հարաբերությունները «Հարավային Օսիայի» և «Աբխազիայի Հանրապետության» հետ։ Այսօր վերոնշյալ օկուպացված տարածքները կորցրել են իրենց գործընկերներին, քանի որ, այսպես կոչված` «Արցախը» հայտարարեց ինքնալուծարման մասին», — գրել է Սաակաշվիլին։
Վերոգրյալ ուղերձի այն հատվածի մասին, որտեղ Սաակաշվիլին ասում է. «Դուք պետք է բացահայտ հայտարարեք և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ», Թումասյանը նշեց․ «Հայաստանն այդ մասին հայտարարում է 2020 թվականից։ Եթե դուք դա չգիտեք, ապա նման հայտարարություններով ձեզ անլուրջ եք դարձնում»։
«2023 թվականի հոկտեմբերի 5-ին ԵՄ գագաթնաժողովում պետք է քննարկվեր խաղաղության համաձայնագիրը, որտեղ Փաշինյանը ժամանել էր, իսկ Ալիևը հրաժարվել էր մասնակցել և չմասնակցեց, և դրա համար էլ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները դադարեցվել են»,- ասաց Թումասյանը։