
Վրաստանյան ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության Աջարիայի կազմակերպության ներկայացուցիչ Էլգուջա Բագրատիոնիի խոսքով, կուսակցության առաջնորդներից Լևան Վարշալոմիձեն, որ կարճ ժամանակով կալանավորվել էր Ղազախստանում, ազատության մեջ է, լքել է Ղազախստանը և գտնվում է Ամստերդամում։
Ըստ Բագրատիոնիի՝ Վարշալոմիձեն Ղազախստան է մեկնել «ղազախական կողմի» հրավերով: Նա Ատիրաու քաղաք է մեկնել մարտի 18-ի ժամը 14:20-ին, որից հետո նրան կանգնեցրել են սահմանապահները։
«Նրան բացատրել են, որ ինքը գտնվում է Ռուսաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ, տարել են Ատիրաու քաղաքի ոստիկանական բաժանմունք, որտեղ հարցաքննել են ամբողջ գիշեր և զրուցել», — ասել է Բագրատիոնին:
Նա նաև նշել է, որ «Վարշալոմիձեի կանգնեցնելու միակ հիմքը Ռուսաստանի կողմից միջազգային հետախուզման ցուցակն էր»:
Նախորդ օրը՝ մարտի 19-ին, ՄԱՇ-ը հայտարարել էր, որ Վարշալոմիձեն ազատ է արձակվել բանտից, թեև «իրավական ընթացակարգերը շարունակվում են»։ Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Ղազախստանում ձերբակալվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմակից Վարշալոմիձեն։
Վարշալոմիձեն 2004-2012 թվականներին եղել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահը։ Նա Սաակաշվիլիի ընկերն ու զինակիցն է։
Նա 2020 թվականի խորհրդարանի պատգամավոր էր, թեև 2021 թվականի փետրվարին նախ խնդրել էր հանել պատգամավորի կարգավիճակը՝ ի նշան բողոքի, իսկ ավելի ուշ՝ 2022 թվականին, նրա կարգավիճակը հանվեց նիստերին չներկայանալու պատճառով։
2020 թվականին Վարշալոմիձեն պարտվել է Նիկա Մելիային ՄԱՇ-ի ղեկավարության համար ներքին պայքարում։