Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում բուռն քննարկումների առիթ է դարձել երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը, դրա հետևանքով նրա առողջական վիճակի վատթարացումն ու նրան բազմաֆունկցիոնալ հիվանդանոց տեղափոխելը, հացադուլը դադարեցնելը: Սաակաշվիլիի հացադուլը տևեց 50-ից ավելի օր, որի հետևանքով նրա առողջական վիճակը վատացավ։ Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր, միջազգային գործընկերներ և ՀԿ-ներ հորդորեցին Վրաստանի իշխանություններին ապահովել Սաակաշվիլիի համար հարմար բանտային պայմաններ, և չգնալ քաղաքական նոր էսկալացիայի։ Միևնույն ժամանակ, հացադուլ հայտարարեց քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիան, պահանջը Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն էր:
Ինչպե՞ս զարգացան իրադարձությունները. ժամանակագրություն
Նոյեմբերի 8-ին, Սաակաշվիլիի հացադուլի 39-րդ օրը ՔՀ-ն տարածեց հաղորդագրություն, ըստ որի առողջական վիճակի վատթարացումը կանխելու և վտանգներից խուսափելու նպատակով 12-րդ քրեակատարողական հիմնարկից բանտարկյալ Սաակաշվիլիին տեղափոխեցին մեղադրյալների և դատապարտյալների համար նախատեսված Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց:
«Միացյալ ազգայուն շարժման» (ՄԱՇ) առաջնորդ Նիկա Մելիան՝ Սաակաշվիլիի կյանքի ու առողջության համար պատասխանատու համարեց արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին։ Մելիայի խոսքով՝ Սաակաշվիլիին Գլդանիի 18-րդ կլինիկա տեղափոխելով, խախտվել են բոլոր օրենքներն ու կանոնները։
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան էլ հայտարարեց, որ Միխեիլ Սաակաշվիլիին N18 բուժհաստատություն տեղափոխելն ակնհայտորեն խախտում է մարդու արժանապատվությունը հարգելու պետության պարտավորությունը, միևնույն ժամանակ քրեակատարողական ծառայության ղեկավարին կոչ անելով Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել այլ բուժհաստատություն։
Նոյեմբերի 9-ին Սաակաշվիլին նամակ հրապարակեց, որտեղ նշվում էր, որ իրեն խաբեությամբ են տեղափոխել Գլդանիի բանտի բուժհաստատություն:
«Ինձ քարշ տալով հանեցին մեքենայից, քարշ տվեցին գետնին ու մի քանի անգամ հարվածեցին պարանոցիս, իսկ ես այս անգամ դիմադրեցի։ Ինձ այստեղ խաբեցին, ասացին, որ ինձ տանում են քաղաքի սովորական կլինիկա, և չեղարկեցին բժիշկներիս, մորս և երեխաներիս հետ հանդիպումներս», — գրել էր Սաակաշվիլին:
Սաակաշվիլիին Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի բուժհաստատություն տեղափոխելու հետ կապված միջազգային հանրության կողմից հնչեցին կոշտ հայտարարություններ:
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ արեց Վրաստանի կառավարությանը Միխեիլ Սաակաշվիլիի հետ վարվել արդար և արժանապատվորեն՝ միջազգային չափանիշներին և Վրաստանի օրենսդրությանը համապատասխան։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը անհապաղ քայլեր ձեռնարկել Սաակաշվիլիի և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական հրատապ կարիքները լուծելու համար», — ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ հղում անելով Վրաստանի օմբուդսմենի հայտարարությանը:
Միջազգային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Amnesty International կազմակերպությունն էլ Twitter-ում արձագանքեց Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելուն և նշեց, որ սա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։
Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կարլ Հերցելն էլ իր հերթին, նշել էր, որ ուշադրությամբ հետևում են Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակին:
«ԵՄ-ն արդեն նշել է, որ Սաակաշվիլիի իրավունքների պաշտպանությունը և դատական գործընթացների իրականացումը առանցքային են և հանդիսանում են Վրաստանի իշխանությունների պատասխանատվությունը»,- ասել էր Կարլ Հարցելը։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարությունը ևս արձագանքել էր Սաակաշվիլիի հետ կապված իրադարձություններին: Իսկ ավելի ուշ, Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարեիշվիլին այցելել էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։
Այնուամենայնիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 13:00-ին մեկնարկեց Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատական նիստը։ Քրեակատարողական ծառայությունը հայտնեց, որ Միխեիլ Սաակաշվիլին չի մասնակցի նիստին, և նրան դատարան տանելը ռիսկային է։
Արդեն նոյեմբերի 11-ին, Ստրասբուրգի դատարանը մերժեց Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մասնավոր կլինիկա տեղափոխվելու վերաբերյալ պահանջն ու կոչ արեց դադարեցնել հացադուլը: Ստրասբուրգի դատարանի որոշման մասին հայտարարեց Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:
40 օրից ավել հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին էլ ավելի ուշ հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել հացադուլը՝ որոշ պայմանների դիմաց:
Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան էլ ասաց, որ նախկին նախագահի որոշման հիմքում Ստրասբուրգի դատարանի և արևմտյան գործընկերների կոչերն են, սակայն Սաակաշվիլին նշել է, որ կդադարեցնի հացադուլը, եթե դրանից հետո վերականգնողական բուժում ստանա բարձրակարգ կլինիկայում:
Սաակաշվիլիի՝ հացադուլը դադարեցնելու մասին լուրին արձագանքեց ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան։
Մելիան, մասնավորապես, ասաց, որ ինքն ու իր ընկերները ողջունում են Սաակաշվիլիի որոշումը, ինչը վերահաստատում է՝ վրացական ընդդիմության, Միխեիլ Սաակաշվիլիի ծրագիրը Վրաստանը զարգացնելն է և ոչ թե իշխանությանը սադրելը։
Այնուհետև, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին խնդրեց բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին թույլ տալ հանդիպում ունենալ մոր, հարազատների և ուկրաինացի բժիշկների հետ։ Ղարիբաշվիլին մերժեց Զելենսկիի խնդրանքը:
Նոյեմբրի 15-ին նորից կայացավ Սաակաշվիլիի դատը: Նախկին նախագահին, չնայած իր ցանկությանը և պահանջին, չթողեցին ներկայանալ նիստին, քանի որ քրեակատարողական ծառայությունը կրկին մերժել էր նրան դատարան տանել։
Նույն օրը ընդդիմությունը փողոցները փակելու մասին հայտարարեց, ՆԳՆ-ն՝ զգուշացնող հայտարարությամբ հանդես եկավ:
Նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարեց, որ հանրային պաշտպանի գրասենյակը պաշտոնապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործում ընդգրկվելու խնդրանքով։
Նոյեմբերի 18-ին՝ հացադուլի 50-րդ օրը, երեկոյան Միխեիլ Սաակաշվիլին կորցրեց գիտակցությունը և նրան տեղափոխեցին բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
Չուշացավ ԱՄՆ-ի արձագանքը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը կոչ է անում Վրաստանի կառավարությանը հաշվի առնել Միխայիլ Սաակաշվիլիի բուժման վերաբերյալ հանրային պաշտպանի հանձնարարականները։ Այս մասին հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը նոյեմբերի 19-ին կրկին բողոքի ակցիա անցկացրեց Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ ի աջակցություն Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։
ՄԱՇ նախագահ Նիկա Մելիան ամբիոնից դիմեց Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքացիներին և ասաց, որ հանրահավաքը չի ցրվի այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիին հիվանդանոց չեն տեղափոխել։
Նոյեմբերի 19-ին՝ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցից տեղափոխում են Գորիի զինվորական հոսպիտալ։
Հիշեցնենք՝ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել էին հոկտեմբերի 2-ին:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր