
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է միակուսակցական խորհրդարանում ժամանակավոր քննչական հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանիի հայտարարությունը: Ծուլուկիանին վրացի հերոս Գիորգի Անծուխելիձեին անվանել էր «ինչ-որ մեկի փիարի անիմաստ զոհ»: Մեկնաբանելով Ծուլուկիանիի խոսքը՝ Կոբախիձեն ասել է, որ Ծուլուկիանին պարզապես «փաստեր է ներկայացրել»։
«Իրականում տիկին Թեան շատ հստակ հայտարարություն է արել: Մենք բոլորս լավ գիտենք, որ ոչ միայն կարելի էր խուսափել այդ պատերազմից, այլև այդ պատերազմը սկսել է Սաակաշվիլիի ռեժիմը (նկատի ունի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին — հեղ.), որը նրանք հետո ստորագրել են և ընդունել», — ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն ասել է. «երբ Թեա Ծուլուկիանին խոսում է այն մասին, թե ինչպես կարելի էր խուսափել այդ պատերազմից, որ մեր հերոսները կարող էին այսօր ողջ լինել և հոգ տանել իրենց ընտանիքներին, սա պարզապես փաստի բարձրաձայնում է»:
«Վրացական երազանք»-ի վարչապետն առիթը բաց չի թողել և պնդել է. «Եթե չլիներ Սաակաշվիլիի ռեժիմի ստացած և կատարած հրամանը (նկատի ունի դրսից — հեղ.), չէր լինի ոչ պատերազմ, ոչ զոհեր, և հենց դա է ընդգծել Թեա Ծուլուկիանին»:
Նշենք, որ տարիներ շարունակ վրաց հասարակությունն ու միջազգային հանրությունը պնդում են ու հաստատում՝ 2008 թվականի պատերազմը սանձազերծել է Ռուսաստանը, մինչդեռ «Վրացական երազանք»-ը պարբերաբար կրկնում է Ռուսաստանի նարատիվները, իսկ նրանց ստեղծած քննչական հանձնաժողովն ամեն կերպ փորձում է ապացուցել, թե իսկապես պատերազմը վրացական կողմի մեղքով է եղել:
Ծուլուկիանիի հայտարարությունը քննադատության արժանացավ վրաստանյան քաղաքացիների ու քաղհասարակության շրջանում: Նրանք «Վրացական երազանք»-ին մեղադրում են Վրաստանի նորագույն պատմության ամենացավոտ դրվագը՝ ռուս-վրացական 2008 թվականի պատերազմի սկիզբը, ռուսական նարատիվով Վրաստանի վրա բարդելու և հերոսներին անարգելու համար: