Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության (ՀՔԾ) բժշկական վարչության պետ Մալխազ Ուրթխմելիձեի խոսքով, դատարանից ՀՔԾ-ին տրամադրված «Էմպաթիա» կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի թունավորման փաստը չի հաստատվել:
Ուրթխմելիձեն նշել է, որ Սաակաշվիլիի օրգանիզմում, ըստ ներկայացված փաստաթղթերի՝ առողջությանը վնասող քանակությամբ թունավոր նյութ չկա:
Ըստ Ուրթխմելիձեի՝ ամերիկյան լաբորատորիայի կայքում, որտեղ «Էմպաթիա»-ն իրականացրել է հետազոտությունը, նշված է ինչպես կոնկրետ վերլուծության նվազագույն սահմանաչափը, այնպես էլ թույլատրելի նորմը, որն արտացոլված չէ ներկայացված փաստաթղթերում։
«NMS Labs լաբորատորիայի կայքում, որտեղ իրականացվել է հետազոտությունը, և արդյունքները հասանելի են բոլորին, նշված են և՛ նվազագույն սահմանաչափը, և՛ ընդունելի նորմը։ Պարզվեց, որ այս լաբորատորիայում իրենց տրամադրած թվերը, այսինքն՝ արդյունքը, նորմայից ցածր են։ Այս փաստաթուղթը վկայում է, որ օրգանիզմում վտանգավոր քանակությամբ թունավոր նյութ չկա»,- ասել է Ուրթմելիձեն։