Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին յուրօրինակ վերջնագիր է ներկայացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին հնարավոր ներում շնորհելու վերաբերյալ։
Ըստ Օխանաշվիլիի՝ ցանկացած որոշում, այդ թվում՝ ներման հարցը, պետք է լինի օրենքի գերակայության սկզբունքի շրջանակներում:
«Եթե նման որոշում կայացվի, մի կողմից` ոտնատակ կտան օրենքի գերակայությունը, մյուս կողմից դա նշանակում է` վիրավորել ու նվաստացնել մեր ժողովրդին, և չեմ բացառում, որ դրան համապատասխան բողոքի ակցիաներ կլինեն։ Սա կարող է հանգեցնել հասարակական աղմուկի։
Եթե ինչ-որ մեկը պատրաստ է ոտնահարել օրենքի գերակայությունը, կասկածի տակ դնել նախագահի ինստիտուտը՝ որպես սահմանադրական ինստիտուտի էություն, վիրավորել վրաց ժողովրդին և ծաղրել Ստրասբուրգի դատարանի որոշումները, ապա կարժանանա ուժեղ հասարակական բողոքի: Չեմ կարծում, որ դա ձեռնտու է մեր երկրին, և ինչ-որ մեկը կհամարձակվի նման որոշում կայացնել»,- ասել է Օխանաշվիլին։
Հարկ է նշել, որ երեկ Զուրաբիշվիլին ասել է, թե ուշադիր հետևում է Սաակաշվիլիի առողջությանը, նաև ասել Է, որ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու որոշումը պետք է կայացնի դատարանը։
Այսօր «Էմպաթիա» բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին հայտնել էր, որ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման պատճառը, մեծ հավանականությամբ, թունավորումն է:
Սաակաշվիլիի թունավորումը շահարկման առի՞թ, թե՞ իշխանությունների մեղքի վկայություն. կարծիքներ