Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, ըստ որի՝ Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
«Սաակաշվիլիի մոտ կովիդ է հաստատվել: Ինչպե՞ս: Բոլորս պաշտպանված ենք մտնում (տեսակցության- խմբ.)»: — գրել է Խաճապուրիձեն:
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն ևս հաստատել է Սաակաշվիլիի փաստաբանի պնդումը:
«Քանի որ վերջին երկու օրերին նրա մոտ նկատվել են կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ, անհրաժեշտ է համարվել, նախ, արագ թեստ անել, իսկ հաստատվելուց հետո՝ PCR թեստ։ Ունեցել է հոդացավ, ընդհանուր թուլություն…Այս փուլում իրավիճակը լիովին կայուն է…»,- ասել է Չխաիձեն:
Ի դեպ, Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի դեմ ևս երեք գործ է հարուցվել։
Ձերբակալության առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո:
2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Նրա ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ` երրորդ նախագահի առողջական վիճակն օր օրի վատթարանում է, և անհրաժեշտ է բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր:
Հարկ է նշել նաև, որ շուրջ երկու ամիս է Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։