
Ընդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Զուգդիդի շրջանային գրասենյակում հաստատում են, որ քաղաքապետի ընտրություններում քննարկվում է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կնոջ՝ Սանդրա Ռուլոֆսի թեկնածությունն առաջադրելու հարցը:
Գրասենյակի ղեկավար Անա Ծիթլիձեի խոսքերով, քննարկվում է մի քանի թեկնածություն, այդ թվում՝ Սանդրա Ռուլոֆսինը։ Ըստ Ծիթլիձեի, վերջնական որոշումը պարզ կլինի մարտի վերջին՝ կուսակցության քաղխորհրդի նիստին։
Հիշեցնենք՝ 2016-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սանդրա Ռուլոֆսը դադարեցրել էր ընտրապայքարը Զուգդիդիում, որտեղ առաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով` հայտարարելով, որ չի մասնակցի 2-րդ փուլին, քանի որ, ըստ նրա, ընտրությունների առաջին փուլը կեղծվել է։