«Էմպաթիա» հասարակական կազմակերպության (ՀԿ) խորհրդի անդամ, բժիշկ Օթար Թոիձեն ասել է, որ անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիվանդությունները բարդանում են, և նրա տեղափոխումը քաղաքացիական կլինիկա ոչ մի արդյունք չի տվել։
«Այն, որ նման տեմպերով ու նման միջոցներով բուժումը արդյունք չէր տա, նշվել է մեր բոլոր այցելությունների ժամանակ՝ սկսած առաջինից, որը եղել է Գլդանի քրեակատարողական հիմնարկում։
Այդ ժամանակից ի վեր մենք պնդում ենք, որ այս հիվանդությունների դեպքում նման բուժումը բանտային պայմաններում հնարավոր չէ»,- ասել է ՀԿ-ի խորհրդի անդամը։
Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին, ով երկու գործով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Վրաստան է վերադարձել 2021 թվականի սեպտեմբերի վերջին։ Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ Վրաստանի տեղական ինքնակառավարման ընտրությունների նախորդ օրը։
Ձերբակալման օրը նա հացադուլ է հայտարարել։ Իրավիճակի սրման պատճառով հացադուլի 50-րդ օրը՝ նոյեմբերի 19-ին, Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը, եթե իրեն բուժման համար տեղափոխեն Գորիի զինվորական հոսպիտալ։
Սաակաշվիլիին Գորիի հիվանդանոցից «Ռուսթավի» քրեակատարողական հիմնարկ են վերադարձրել դեկտեմբերի 30-ին։ Նրա փաստաբաններն ու «Էմպաթիա» կենտրոնի աշխատակիցները նշել են, որ անհրաժեշտ է Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել արտերկիր, քանի որ Գորիի զինվորական հոսպիտալում վերականգնողական գործընթացը չի կարող ավարտվել։
Արդարադատության նախարարության որոշմամբ Սաակաշվիլին մայիսի 12-ից բուժում է ստանում Թբիլիսիի «Վիվամեդ» քաղաքացիական կլինիկայում։
Ազատազրկված նախկին նախագահի վիճակն ուսումնասիրելու համար «Էմպաթիա» կենտրոնը դատարանից իրավունք է ստացել այցելել Սաակաշվիլիին և նրա փոխարեն հետազոտություններ կատարել։ Եզրակացությունը խորհրդի անդամները կհրապարակեն մի քանի օրից։