Հունվարի 15-ին Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հրաման է ստորագրել, համաձայն որի` գրասենյակը շարունակել է հետևել մեղադրյալ/դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիին մատուցվող բժշկական ծառայությունների համարժեքությանն ու համագործակցել նրա առողջական վիճակը գնահատելու համար ստեղծված մասնագետների/փորձագետների խմբի հետ։
Օմբուդսմենի գրասենյակից հայտնում են, որ 2021 թվականի նոյեմբերից գործող խումբը պարբերաբար ստուգում է հիվանդի վիճակը, ուսումնասիրում բժշկական փաստաթղթերը և հրապարակում եզրակացությունները։ Այս փուլում բժիշկների խորհուրդը պատրաստել է 11 եզրակացություն.
«Բժիշկ-փորձագետների խմբի անդամներն են՝ նյարդաբան Թենգիզ Ծուլաձեն, սրտաբան Գիորգի Կաճարավան, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գիորգի Գրիգոլիան, արյունաբան, կլինիկական ուռուցքաբան, ինտերնիստ և պալիատիվ բժշկության մասնագետ Աիդա Գոզալովան, էնդոկրինոլոգ Նինո Զավրաշվիլին, սրտաբան Գիորգի Պապիաշվիլին և սրտաբան, ներքին հիվանդությունների և հիվանդանոցային բժշկության մասնագետ Գրիգոլի Խուրցիձեն»,- նշված է տեղեկատվության մեջ։
Երրորդ նախագահ Սաակաշվիլին բանտում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիին, բացի «Նոյեմբերի 7-ի գործից», ևս երկու գործով մեղադրանք է առաջադրվել։
2022 թվականի մայիսին Սաակաշվիլիին, առողջական վիճակի վատթարացման պատճառով, քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա, մինչ օրս նա այնտեղ է գտնվում։ Սաակաշվիլին իր դեմ հարուցված բոլոր գործերն անվանել է քաղաքական։ Այս տարվա մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ստրասբուրգի դատարանը որպես ժամանակավոր միջոց հրաժարվել է նրան տեղափոխել Վարշավա՝ բուժման նպատակով։