Իրենց կյանքը ամերիկացիներին վաճառողներին նույն ճակատագիրն է սպասվում. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր էջում համեմատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ճակատագիրը և գրել, թե Սաակաշվիլիի հետ ապակու հետևում շոուի սյուժեն դառնում է ավելի ու ավելի զվարճալի:

«Միշիկոյի (նկատի ունի Սաակաշվիլիին- խմբ.)՝ քնել չհասցնելու կադրերը տարածվել են աշխարհով մեկ, թեև հայտնի չէ, թե ինչպես են դրանք հայտնվել CNN-ի տրամադրության տակ։ Բոլորը գիտեն, որ Սաակաշվիլին Արևմուտքի կողմից մշակված նյութ է բոլոր առումներով (ի դեպ, երկու անգամ՝ երկրորդ անգամ Ուկրաինայում)»,- գրել է Զախարովան։

Ի դեպ, անցած շաբաթ օրը CNN հեռուստաընկերությունը հրապարակել է Սաակաշվիլիի ամերիկացի փաստաբանի տրամադրած տեսագրությունը, որն արվել է փետրվարի 4-ին և 6-ին «Վիվամեդ» կլինիկայի բանտարկյալների բաժանմունքում։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Սաակաշվիլին կորցնում գիտակցությունը:

Ըստ Զախարովայի՝ վրացի լրագրողները պարզել են Սաակաշվիլիի դոսյեի մանրամասները, որ նա գրեթե 1 մլն դոլար է ծախսել լոբբիստական ​​արշավի համար՝ իրեն Թբիլիսիից հանելու և հայրենակիցների արդարադատությունից փրկելու նպատակով:

«Սաակաշվիլիի և Գուայդոյի (Վենեսուելայի անցումային նախագահ 2019-2022 թվականներին-խմբ.) ճակատագիրը սպասվում է բոլորին, ովքեր վաճառել են իրենց կյանքը ամերիկացիներին»,- գրել է Զախարովան։

Նշենք, որ 2019 թվականի հունվարին Խուան Գուայդոն իրեն հռչակել էր Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։ Գուայդոն երկրի ղեկավար է ճանաչվել ԱՄՆ-ի, արևմտյան և լատինաամերիկյան երկրների մեծամասնության կողմից։ 2018 թվականի նախագահական ընտրությունները, որոնցում հայտարարված տվյալներով հաղթել է Նիկոլաս Մադուրոն, համարվում էին կեղծված։ Միաժամանակ Մադուրոյին աջակցում էին Չինաստանը, Ռուսաստանը, Կուբան և Թուրքիան։ 2022 թվականի դեկտեմբերին Գուայդոն հեռացվեց նախագահի ժամանակավոր պաշտոնից։