Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտարարել է, որ ընտանիքը հիասթափված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումից։
Ալասանիան նշել է՝ ինքն ակնկալում էր, որ Ստրասբուրգի դատարանը երրորդ նախագահին թույլ կտա բուժումը շարունակել արտասահմանում։
«Ինձ դուր չեկավ որոշումը, մենք այլ որոշում էինք ակնկալում՝ ամեն ինչ հաշվի առնելով։ Առաջին հերթին նրա առողջական վիճակի պատճառով»,- ասել է Ալասանիան։
Ըստ Ալասանիայի՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։
Ի դեպ, Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, Ստրասբուրգի դատարանը մերժել է Սաակաշվիլիին Վարշավա տեղափոխելու հայցը։ Նրա խոսքով, միևնույն ժամանակ ՄԻԵԴ-ը պետությանը չի պարտավորեցրել Սաակաշվիլիին տեղափոխել երկրի ներսում գտնվող այլ բուժհաստատություն։