Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը աշխատանքային այցով Թբիլիսիում էր:
Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ու թատրոնի ստեղծագործական խմբի ուղեկցությամբ Վիրաբյանը եղավ հայկական թատրոնի շինհրապարակում: Սա փոխքաղաքապետի պաշտոնում նրա առաջին այցն էր Վրաստան: Վիրաբյանն ասում է՝ թբիլիսյան գործընկերների հետ այցի օրակարգը կազմելիս՝ չէր կարող չլինել թատրոն այցելությունը.
«Սա Թբիլիսի քաղաքում մեր հարազատ անկյունն է, ինչքան այս շինարարությունը կարևոր է Թբիլիսիի թատրոնի համար, այնքան էլ բոլորիս համար, ու առավելապես թատրոնով զբաղվող մարդկանց համար, որովհետև, ցավոք սրտի՝ հայաստանյան թատրոնները երկար տարիներ Թբիլիսիում իրենց տունը չունեին, ու շատ հյուրախաղեր անցկացվում էին այլ թատրոններում, սա ես համարում եմ մեր տունը: Ցանկացած հայաստանյան թատրոն սրտատրոփ է սպասում Թիֆլիսի հայկական թատրոնի վերակառուցմանը, թե երբ է շենքն ամբողջական վեր հառնելու, որպեսզի այս հողում մենք մեր ամուր ու գեղեցիկ տունն ունենանք»:
Տիգրան Վիրաբյանի կապը Թբիլիսիի հայկական թատրոնի հետ՝ շատ վաղուց է ու շատ ամուր, երբ նա Գյումրիի թատրոնի պրոդյուսերն էր: Թատրոնները համատեղ ներկայացումներ են արել, ասում է, որ սա ոչ միայն գործընկերային, այլ ընկերական ու բարեկամական հյուրընկալություն էր:
Հիշեցնենք, որ Հայաստանից դուրս գործող հայկական միակ պետական թատրոնի շենքը վերակառուցվում է՝ Քարթու հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ: Շենքի վերաբացումը նախատեսվում է 2021 թվականին:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի և թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ փոխքաղաքապետը քննարկեց առաջիկայում հյուրախաղերով Երևանում հանդես գալու հեռանկարը: