
Ընդդիմությունը գոհ է Վրաստանի իշխող կուսակցության որոշումից, բայց դեռևս շարունակում է պահանջել երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականը:
Սա հաղթանակ է: Այսպես են գնահատել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ իշխող «Վրացական երազանքի» այն որոշումը, որ 2020-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են միայն համամասնական ընտրակարգով ու առանց ընտրական շեմի: Ընդդիմադիրները շնորհավորել են միմյանց ու նշել, որ սա վերջին 5 օրերի ընթացքում Խորհրդարանի դիմաց կանգնած ցանկացած քաղաքացու հաջողությունն ու հաղթանակն էր: Կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Աբեսաձեն ասել է, որ այդ հաջողությանը ժողովուրդը հասավ համբերության, էներգիայի ու առողջության հաշվին:
Այս կերպ՝ իշխանությունը բավարարեց ցուցարարների արդեն 2-րդ պահանջը, առաջինը Իրակլի Կոբախիձեի՝ Խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվելն էր: