Աշխարհի խոշորագույն ավիափոխադրողներից մեկը` իռլանդական Ryanair ավիաընկերությունը նոյեմբերի 1-ից կանոնավոր թռիչքներ կսկսի Թբիլիսի և Քութայիսի ուղղություններով: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը: Հոկտեմբերի 24-ին վրացական ավիացիան Ryanair-ին պաշտոնական թույլտվություն է հանձնել` Միլան-Թբիլիսի-Միլան, Մարսել-Քութայիսի-Մարսել, Բոլոնիա-Քութայիսի-Բոլոնիա ուղղությունների համար: Չվերթներն իրականացվելու են «Boeing B737» օդանավով: Միլանից Թբիլիսի չվերթները կմեկնարկեն նոյեմբերի 6-ից, շաբաթական 4 անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի:
Նոյեմբերի 7-ից Ryanair-ի ինքնաթիռները Մարսել-Քութայիսի-Մարսել ուղղությամբ երթեր կկատարեն շաբաթը երկու անգամ հաճախությամբ` հինգշաբթի, կիրակի օրերին:
Իտալական Բոլոնիայից Թբիլիսիի միջազգային օդանավակայան առաջին չվերթը իռլանդական ավիաընկերությունը կիրականացնի նոյեմբերի 9-ին: Այս ուղղությամբ թռիչքները կլինեն յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:
Ryanair-ը Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերությունն է: Հիմնադրվել է 1984-ին: Ryanair-ը սպասարկում է 180 օդանավակայանի` ավելի քան 1600 ուղղություն` եվրոպական 28 երկրներում և Մարրոկոյում, օրական մոտ 1600 չվերթ է իրականացնում: