«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը ցույց է անցկացնում Ռուսթավիի բանտի դիմաց՝ հաջակցություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։
Ակցիայի մասնակիցները պահանջում են անազատության մեջ գտնվող Սաակաշվիլիին բուժման նպատակով անհապաղ տեղափոխել արտերկիր։ Ցուցարարները Ռուսթավի են ժամանել կուսակցության կենտրոնական գրասենյակից՝ Թբիլիսիից ավտոշարասյունով։
Ռուսթավիի բանտի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլին հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է ընդունել Միխեիլ Սաակաշվիլիին և նրան ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն։
Ներկաների փոխանցմամբ՝ այսօր նույն պահանջով ակցիա կանցկացվի նաև Բաթումիում։
Ցուցարարները երկու պահանջ ունեն, նախ՝ Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել արտերկրի մասնագիտացված բուժհաստատություն և երկրորդը՝ դադարեցնել Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ քաղաքական հետապնդումները և խոշտանգումները։
Հիշեցնենք, որ երեկ, Վրաստանի երրորդ նախագահը դիմել էր առողջապահության նախկին նախարար (2019 թ․) Դավիթ Սերգեենկոյին, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Դիմիտրի Խունդաձեին, ինչպես նաև «Հիպոկրատի երդում տված պատգամավորներին՝ անկախ կուսակցական պատկանելությունից»՝ այցելել իրեն ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես հիվանդ և համապատասխան եզրակացություն անել։