«Ռուսթավի 2» հեռուստաընկերության բաժնեմասերի 100 տոկոս սեփականատեր Քիբար Խալվաշին որոշել է վաճառել ընկերությունը:
Խալվաշին հայտարարություն է տարածել՝ նշելով որոշման պատճառը։ Նրա խոսքով տարիների ընթացքում ընկերությունը խորը ճգնաժամի մեջ է հայտնվել:
Նա «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային մեղադրել է ընկերության վարկային պարտքերի համար․ այդ թիվը կազմում է մոտ 70 000 000 լարի, որից միայն պետական բյուջեին պարտքը հասնում է 27 000 000 լարիի: Խալվաշիի խոսքերով Նիկա Գվարամիան ալիքը օգտագործել է միայն քաղաքական նպատակներին հասնելու համար:
Քիբար Խալվաշին հայտարարել է, որ չունենալով բավական գումար ընկերությունը ճգնաժամից դուրս հանելու համար որոշում է կայացրել այն վաճառել: Նա ասել է, որ պատրաստ է հարցը մանրամասնորեն քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ, ովքեր ցանկանում են ձեռք բերել «Ռուսթավի 2»-ը և օգնել այն դարձնելու հաջողակ հեռուստաընկերություն:
Վերջերս սեփականատիրության իրավունք ստացած Խալվաշին ասել է, որ միակ մարդը, ում հետ չի ցանկանում զրուցել այդ թեմայով, դա «Ռուսթավի 2-ի նախկին ոչ ֆորմալ սեփականատեր ու ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին է: