«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լուրերի գլխավոր հաղորդման՝ «Կուրիերի» թողարկման մեկնարկին մեկնաբաններ Դիանա Ջոջուան և Միխեիլ Սեսիաշվիլին հրաժեշտ են տվել հեռուստադիտողին՝ հայտարարելով, որ լքում են հեռուստաընկերությունը:
«13 տարի ձեզ ողջունում եմ այս տաղավարից, այսօր առավել հուզված եմ, քան եթեր դուրս գալու առաջին օրը», — այս խոսքերով է հաղորդավար Դիանա Ջոջուան սկսել եթերը:
«Ես՝ Դիանա Ջոջուան, որ Կրեմլի կողմից առանց պատճառի ու արդարացման հեռացվել եմ Աբխազիայից, չեմ կարող նստել Կրեմլի աշխատակից Բիձինա Իվանիշվիլիի հեռուստաընկերության տաղավարում», — ասել է Դիանա Ջոջուան:
Հաղորդավարներն այս որոշումը կայացրել են հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեին աշխատանքից հեռացնելուց հետո:
Ավելի վաղ, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նորանշանակ տնօրեն Պաատա Սալիան հայտարարել էր, որ լրագրողներ Նոդար Մելաձեն, Էկա Կվեսիտաձեն, Գիորգի Գաբունիան, Գիորգի Լափերաշվիլին և Նանուկա Ժորժոլիանին աշխատանքից կազատվեն շահերի բախման պատճառով: