«Ռուսթավի 2»-ի դեմ բողոքողները 3 պահանջ ունեն

Թբիլիսիի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ գիշերը բողոքի ակցիա են անցկացրել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ առաջ քաշելով 3 պահանջ:

Նրանք դիմում են երկրի ՆԳ նախարարությանը՝ մուտք գործել հեռուստաընկերության շենք, հետաքննել տեղի ունեցածը՝ պարզելու, թե «ով է կանգնած հեղաշրջման փորձի հետևում»։

Ցուցարարների մյուս պահանջը՝ արգելել հեռուստաալիքի հեռարձակումը, հակառակ դեպքում բազմամարդ ակցիաներ կսկսվեն։

Մյուս հիմնական պահանջը՝ աշխատանքից հեռուստաալիքի ղեկավար Նիկա Գվարամիայի և «Պոստսկրիպտումի» հաղորդավար Գիորգի Գաբունիայի ազատումն է: Հիշեցնենք՝ հենց վերջինիս հայտարարությունն է բողոքի առիթ դարձել։ Գաբունիան ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ցուցարարները խոստացել էին ակցիան շարունակել ողջ գիշեր, սակայն, ժամը 04:00-ի սահմաններում ցրվել են: