Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան Մթածմինդայի այգուն կապող ճոպանուղին բացվել է: Ճոպանուղու բացումը Թբիլսիիի քաղաքապետ Կախա Կալաձեի 2017 թվականի նախընտրական ծրագրի խոստումներից էր, որ իրագործվեց 7 տարի անց:
Քաղաքապետարանից հայտնում են, որ Ռուսթավելի-Մթածմինդա այգի երթուղու ուղևորներին կսպասարկեն 21 միավոր 8 տեղանոց ճոպաններ, որոնք ճանապարհը կանցնեն 4 րոպեում։ Ճոպանուղին մեկ ուղղությամբ ժամում կարող է տեղափոխել 1200 ուղևոր։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է վերին շարժիչ կայան և կազմակերպվել հինգ օժանդակ կառույցներ:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ մասնակցել է ճոպանուղու բացման արարողությանը:
Կալաձեի խոսքով, Ռուսթավելի պողոտայի և Մթածմինդա այգու ճոպանուղու շինարարական մասի պատասխանատուն «Դագի» շինարարական ընկերությունը, իսկ ինժեներական մասինը՝ «Դոպելմայեր» միջազգային ընկերությունը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն լարի։ Ճոպանուղու վերականգնումը սկսվել է 2021 թվականին։
Վերականգնված ճոպանուղին տնօրինման է հանձնվել Մթածմինդայի այգու տնօրինությանը։ Մթածմինդայի այգու վարչակազմից հայտնել են՝ այսօր ճոպանուղին անվճար կսպասարկի այցելուներին, իսկ ուղեվարձի մասին տեղեկություն կհայտարարվի մի քանի օրից։
Նշենք, որ Մթածմինդայի ճոպանուղու ծրագիրը տարիներ է ձգվում: 2014 թվականին նախատեսվում էր վերականգնել ճոպանուղին, իսկ ստորին կայանը, ըստ նախագծի՝ պետք է լիներ Հանրապետության հրապարակում, սակայն հետագայում նախագիծը փոխվեց:
Ճոպանուղու վերաբացումը Կախա Կալաձեի 2017 թվականի նախընտրական ծրագրի խոստումներից մեկն էր։ Իսկ 2021 թվականին, երբ նա երկրորդ անգամ էր առաջադրվում քաղաքապետի պաշտոնում, ընտրություններից չորս օր առաջ, կրկին հիշեց այս խոստումը և խորհրդանշական կերպով պարկուճ տեղադրեց հողում՝ ի նշան ճոպանուղու վերականգնման մեկնարկի։
2021 թվականին, երբ քաղաքապետը ստուգում էր ճոպանուղու աշխատանքը, ասել էր, որ ճոպանուղու շինարարությունը կավարտվի 2022 թվականի վերջին։ 2023 թվականի մարտի 22-ին Կալաձեն նոր ժամկետ էր նշել և ասել, որ Ռուսթավելի պողոտան և Մթածմինդա այգին կապող ճոպանուղու շինարարությունը կավարտվի մինչև 2023 թվականի վերջին։
Ռուսթավելի-Մթածմինդա ճոպանուղին տասնամյակներ շարունակ չի աշխատում: 1990 թվականի հունիսի 1-ին ճոպանուղու վթարի հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 42 մարդ։ Մահացած ուղևորներից ոմանք Ախալցիխեի թիվ 5 դպրոցի աշակերտներ էին։