
Ապրիլի 7-ին՝ վրաստանյան եվրոպամետ բողոքի ցույցերի 131-րդ օրը, Ռուսթավելիի պողոտայից՝ խորհրդարանի շենքի մոտից, կրկին ցուցարարներ են բերման ենթարկվել։ Ըստ տեղեկությունների՝ առնվազն երեք ցուցարար է ձերբակալվել:
Ֆեյսբուքյան «Դաիտովե» («Հյուրընկալիր») խումբը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում ցուցարարներին։
Ականատեսի վկայությամբ՝ բերման ենթարկվածներից մի քանիսին ոստիկանները տարել են կալանավայրերի մեքենաների մոտ, որոնք կայանված են եղել մետրոյի «Ազատություն» հրապարակի մոտ։
Ցուցարարներն ասել են, որ փողոցում արյան հետքեր են երևում ձերբակալվածների նկատմամբ ոստիկանության ենթադրյալ բռնությունից հետո։ Դեպքի վայրից ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ քաղաքացիների տարածած տեսագրություններում նկատվում են արյան հետքերը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնել են, որ թափառող շունը կծել է երիտասարդի ոտքը, ինչի հետևանքով ուժեղ արյունահոսություն է սկսվել, և վերջինս տեղափոխվել է կլինիկա: ՆԳՆ-ից ձերբակալությունների ստույգ թիվ չեն հայտնել:
Ապրիլի 8-ին նախատեսվում է ևս մեկ ցույց Ռուսթավելիի պողոտայում, որին կհաջորդի գիշերակացը Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ: