Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում այս պահին ընթանում է բողոքի ակցիան, հինգերորդ օրն այն կրում է «Ամոթ է» խորագիրը:
Ցուցարարները բեմահարթակում տեղադրել են Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի կիսանդրին՝ աչքին վիրակապ, ի հիշեցում, որ ցույցերի առաջին օրը բախումների հետևանքով վիրավորների թվում երկու մարդ կորցրեց աչքը, ընդ որում մեկը՝ երիտասարդ աղջիկը, ցույցերի հետ ընդհանրապես որևէ առնչություն չուներ, այլ ուղղակի վերադառնում էր գիշերային հերթափոխից:
Հարկ է նշել, որ հենց Գախարիայի հրաժարականն է բազմամարդ ցույցերի գլխավոր պահանջը, որը մինչ այժմ չի բավարարվել: Ի սկզբանե պահանջներն ավելի շատ էին:
Հիշեցնենք, որ Խորհրդարանի խոսնակի հրաժարականին ցուցարարները հասան հենց առաջին հավաքից հետո: Այսօր հայտնի դարձավ, որ իշխանությունը կատարում է նաև խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգին վերադառնալու պահանջը:
Այսօր հայտնի դարձավ նաև, որ ցույցի ընթացքում հատուկ միջոցներ կիրառած որոշ իրավապահների լիազորություններ դադարեցվել են, երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Ի դեպ, այսօր ավելի վաղ Գախարիան ցանկություն է հայտնել ելույթ ունենալ Խորհրդարանում, խոսել հունիսի 20-21-ի իրադարձությունների մասին: Համապատասխան գրությամբ նախարարն արդեն դիմել է գործադիրին: