Ռուսթավելիի պողոտայի վերականգնումը հետաձգվել է մինչև 2026 թվական

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որ նաև «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, հայտարարել է, թե Ռուսթավելիի պողոտայի վերականգնողական աշխատանքը, որ նախատեսվում էր սկսել այս տարվա մայիսին, հետաձգվել է մինչև հաջորդ տարի։

«Մենք ենթադրում էինք, որ վերականգնողական աշխատանքը կտևի երեք ամիս և պատրաստվում էինք սկսել մայիսի վերջին, սակայն այս փուլում պետք է հետաձգենք աշխատանքը մինչև հաջորդ տարի»,- ասել է Կախա Կալաձեն։

Ըստ Կալաձեի՝ դրա պատճառն այն ուսումնասիրությունն է, ըստ որի` պետք է նախատեսվածից ավելի շատ ու երկարատև աշխատանք իրականացվի։ Նրա պարզաբանմամբ` «Ռուսթավելիի պողոտան կենտրոնական պողոտա է, և դրա երկարատև փակումը շատ մեծ խնդիրներ կառաջացնի մայրաքաղաքում»։

Կախա Կալաձեն դեռ 2023 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ Ռուսթավելիի պողոտայի վերականգնողական աշխատանքը կսկսվի 2024 թվականին և կտևի 2 տարուց ավելի։