Ռուսթավելի պողոտայում ցուցարարների թիվն ավելանում է

Ռուսթավելի պողոտայում եվրոպամետ բողոքի ակցիային միացել են լեռնագնացներ, դահուկորդներ, մարզիկներ, այդ թվում՝ թենիսիստներ։ Նրանց ձեռքին պաստառներ են՝ «Լեռները հանուն ազատության. կանգնենք միասին՝ պաշտպանելու մեր ապագան» մակագրությամբ։

Ռուսթավելի պողոտայում արդեն իսկ հավաքված հանրահավաքի մասնակիցները նրանց դիմավորել են բացականչություններով։

Նրանք վանկարկում են «Վրաստա’ն»։

Ցուցարարները ձեռքում կան լապտերներ ու վրացական դրոշներ։

Նշենք, որ ժամեր առաջ Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանը հակարևմտայն հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրեց երկրի 6-րդ նախագահ:

Մեկ թեկնածուով ընտրություններում Կղավելաշվիլիի թեկնածությանը կողմ է քվեարկել ընտրական կոլեգիայի 224 անդամ: Ընդհանուր առմամբ մասնակցել է 225 անդամ:

Անվավեր է ճանաչվել Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Ադա Մարշանիայի քվաթերթիկը: Կղավելաշվիլիին նախագահ ընտրելու ժամանակ նա դատարկ քվեաթերթիկ է գցել քվեատուփը: Նրա խոսքով՝ Կղավելաշվիլին վատ թեկնածու է: