Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի շրջանի Գրեմիսխևի գյուղի բարձրադիր մասում ռուս օկուպանտները ռադիոէլեկտրոնային հետախուզության հատուկ կայան են տեղակայել, տեղեկացրել է «Հակաօկուպացիոն շարժման» հիմնադիր Դավիթ Քացարավան:
Ըստ նրա՝ սա ոչ նոր բազայի կառուցման, ոչ էլ նոր անցակետի ստեղծման մասին է վկայում, այլ ակնհայտորեն նշանակում է օկուպանտների ռազմա-ինժեներական ենթակառուցվածքի զարգացում։
«Ռուսները կանգ չեն առնում: Այս անգամ նրանք Գրեմիսխևիի վերևում ռադիոէլեկտրոնային հետախուզության հատուկ կայան են կազմակերպել, որն օգտագործվում է որպես հատուկ հետախուզական մեքենայի կայանման վայր։ Ամբողջ գծի երկայնքով այս տիպի բազմաթիվ հատուկ կայաններ կան»,- գրել է Քացարավան՝ կից ներկայացնելով լուսանկարներ:
Ի դեպ, Գրեմիսխևի գյուղին հարող անտառը 2008 թվականի օգոստոսից՝ ռուս-վրացական 5-օրյա պատերազմից հետո, օկուպացված է, և այնտեղ անընդհատ պարեկություն են իրականացնում ռուսական օկուպացիոն ուժերը։ Գրեմիսխևի անտառից բազմիցս Վրաստանի քաղաքացիների առևանգման փաստեր են արձանագրվել։