Վրացի վերլուծաբանների դիտարկմամբ` այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, քաղաքացիական պատերազմ է, բայց թե որքանով է դա կարևոր Վրաստանի համար` դեռ վաղ է ասել: Ըստ նրանց՝ այս փուլում կարևոր է, որ ՌԴ քաղաքացիների համար խստացվի վիզային ռեժիմը, փակվի սահմանը, քանի որ դժվար է պատկերացնել, թե ովքեր են գալիս և ինչ նպատակներով են գալիս Վրաստան:
«Վրաց-եվրոպական ինստիտուտի» (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ ինչ որ կատարվում է Ռուսաստանում մինչ այդ կատարվածի ընդհանուր պատկերն է: Ըստ նրա՝ ավտորիտար ռեժիմին բնորոշ է անկայունությունը, մանավանդ՝ ռազմական գործողությունների ժամանակ, քանի որ ոչ մի տեսակ վերահսկողություն ռազմական գործողությունների ժամանակ չի իրականանում:
Նրա պնդմամբ՝ այն իրավիճակը, որ եղել է Ռուսաստանում մինչ պատերազմը և հիմա, լիովին միմյանցից տարբեր է, և ի սկզբանե հիմքեր չեն ստեղծվել այն նպատակով, որ այսօր Ռուսաստանը կարողանար խուսափել նմանօրինակ գործողություններից:
«Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը Ռուսաստանում: Բայց Վրաստանին և Ուկրաինային «հետաքրքիր» կլինի, եթե նման իրավիճակը երկար շարունակվի, քանզի Ռուսաստանի ազդեցությունը երկու երկրների վրա էլ կնվազի»,- նշեց Մելաշվիլին:
Քաղաքագետի խոսքով, շուտով Ռուսաստանը ստիպված կլինի Ուկրաինայի սահմաններից հետ քաշել զինուժը, քանի որ այլ ելք չի մնա ներքաղաքական իրավիճակի պատճառով: Ըստ նրա՝ այդ դեպքում քաղաքների տարբեր հատվածներում կհնչեն պայթյուններ, մանավանդ այն բանից հետո, երբ «Վագների» խմբավորումները մոտենան կամ մտնեն Մոսկվա:
Մելաշվիլին նշում է՝ Վրաստանի օկուպացված տարածքներում ևս Ռուսաստանի ռազմական ներկայությունը կնվազի, ինչը վատ չէ.
«Երկարաժամկետ հեռանկարում Վրաստանը պետք է մեծացնի իր ռազմական ներուժը և պատրաստ լինի ցանկացած սցենարի, քանի որ Վրաստանը գտնվում է այնպիսի անկայուն տարածաշրջանում, որտեղ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում»:
Մելաշվիլին, անդրադառնալով ՌԴ քաղաքացիների սահմանը հատելու պահանջներին, ասում է, որ յուրաքանչյուր պետականամետ իշխանություն, տեսնելով հարևան օկուպանտ երկրում տիրող նման իրավիճակը՝ անհապաղ կփակեր սահմանները: Քաղաքագետը բերում է Թուրքիայի օրինակը.
«Անգամ ռազմավարական հարևանի դեպքում պատահեց նման բան, և Վրաստանը փակեց սահմանները. դա այն ժամանակ էր, երբ Թուրքիայում պայքարում էին Էրդողանի իշխանության դեմ, Վրաստանն այն ժամանակ փակեց իր ռազմավարական գործընկերոջ հետ սահմանները»:
Քաղաքագետ, «Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն»-ի ղեկավար Վաժա Բերիձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ Ռուսաստանում իշխանափոխությունը միշտ էլ կոշտ մեթոդներով, զոռբայությամբ կամ ռազմական հեղաշրջման ճանապարհով է եղել՝ սկսած կայսերական ժամանակաշրջանից մինչև մեր օրեր:
«Պուտինի իշխանությունն ավելի կայուն էր երևում, քան իրականում էր: Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը հակառակն ապացուցեց: Նրա թե՛ ներքաղաքական իրավիճակի, թե՛ տնտեսական իրավիճակի մասին միֆերը փշրվեցին»:
Բերիձեն նշում է՝ կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանում տիրող իրավիճակը Վրաստանին այդքան էլ «օգուտներ» չի բերի, սակայն երկարաժամկետ հեռանկարում, եթե հեղաշրջումը հաջողվի՝ ինչ-որ արդյունքի կարելի է սպասել:
Ինչ է կատարվում Ռուսաստանում
Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու համար: Պրիգոժինը հայտարարել էր, որ իրականում պատրաստվում է ռազմական հեղաշրջում անել Ռուսաստանում։ Իր այդ քայլը նա անվանել է «Արդարության երթ»։
Հունիսի 24-ի առավոտյան «Վագներ»-ի հիմնադիրները գրավել են Դոնի Ռոստովը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ նրանք վերահսկում են Վորոնեժի մի քանի ռազմական օբյեկտներ։ Շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ մարզում «օպերատիվ մարտական գործողություններ» են ընթանում։
Պրիգոժինը Telegram-ի ալիքում գրել է, որ «Վագներ»-ի ընկերության վարձկանները շարժվում են դեպի Մոսկվա:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երկուշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաքում ոչ աշխատանքային օր է հայտարարել։ Մոսկվայի քաղաքապետի խոսքով, «հակաահաբեկչական գործողություն» է ընթանում։ Ըստ նրա՝ իրավիճակը ծանր է։
Մոսկվայի քաղաքապետը կոչ է անում համաքաղաքացիներին զերծ մնալ քաղաքում երթևեկելուց, քանի որ որոշ թաղամասերում փողոցների տարբեր հատվածներ գուցեև փակ կլինեն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը նախատեսում է տուգանքներ և 30-օրյա վարչական կալանք ռազմական դրությունը խախտելու համար։
Ինչ են պահանջում Վրաստանում
Վրաստանի քաղհասարակությունը Ռուսաստանում շարունակվող ներքին ռազմական հակամարտության ֆոնին, պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար պահանջում են դադարեցնլ օդային հաղորդակցությունը և փակել Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային սահմանը։
Ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան իշխանություններին կոչ էր արել Անվտանգության խորհուրդ գումարել և ժամանակավորապես փակել Ռուսաստանի հետ սահմանն այդ երկրում ընթացող գործընթացների պատճառով։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, արձագանքելով Գախարիայի կոչին, ասել է, որ այժմ իրենք պետք է հետևեն այդ իրադարձություններին, և դա միակ բանն է, որ պետք է անել։
Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները և նախագահ Զուրաբիշվիլին ևս կոչ էին անում, որ Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո ժամանակավորապես փակվեն և վերահսկվեն ռուս-վրացական սահմանը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնում են, որ հունիսի 24-ի դրությամբ «Դարիալ»-ի սահմանային ներգաղթի վերահսկման ծառայությունն աշխատում է բնականոն հունով, և որևէ ուղղությամբ ուղևորահոսքի ու երթևեկության աճ չկա։