Ռուսական էներգետիկ Inter Rao ընկերության խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան ռուսական սակագնային համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանը դիմել է Վրաստանին և Ադրբեջանին՝ արտակարգ իրավիճակներում էլեկտրաէներգիա մատակարարելու խնդրանքով։
Խոսքը յուրաքանչյուր երկրից 300 մեգավատ (ՄՎտ) էլեկտրաէներգիա մատակարարելու մասին է: Նրա խոսքով՝ ընկերությունը Վրաստանից ու Ադրբեջանից դեռ պատասխան չի ստացել։
«Մենք դիտարկում ենք ներմուծման հնարավորությունը և խնդրել ենք երկու հարևան էներգահամակարգերի հնարավորությունները՝ մեզ մատակարարելու արտակարգ իրավիճակների ժամանակ»,- ասել է Պանինան։
Բացի այդ Inter Rao-ն նախատեսում է աշնանը Վրաստան արտահանել 300 ՄՎտ էլեկտրաէներգիա։
«Վրաստանի պետական էներգահամակարգի» կայքում նշվում է, որ Ռուսաստանից Վրաստան է մատակարարվում 47 ՄՎտ էլեկտրաէներգիա Կավկասիոն էլեկտրահաղորդման գծով։
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, այս տարվա ութ ամիսների ընթացքում Վրաստանը Թուրքիային մատակարարել է 864,9 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, 137,4 մլն կՎտժ՝ Հայաստանին, 40,1 մլն կՎտժ՝ Ադրբեջանին, ընդամենը 1,2 մլն կՎտժ՝ դեպի Ռուսաստան։ Ռուսաստանից ներմուծումը օկուպացված Աբխազիայի համար (հունվար-մարտ ամիսներին) կազմել է 417,6 մլն կՎտ/ժ։ Վրաստանն Ադրբեջանից ստացել է 47,7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։