Միավորված ազգերի կազմակերպությունում Վրաստանի դեսպան Կախա Իմնաձեն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ խոսելով Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին:
Իմնաձեն ասել է, որ Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիան պետք է ահազանգ լիներ, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ ձախողել է խաղաղության և անվտանգության պահապանի ստանձնած դերը։
Իմնաձեն նշել է, որ ՄԱԿ-ի անդամի կողմից ուժի կիրառումը մեկ այլ անդամ պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ՝ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«Վրաստանում մենք գիտենք պատերազմի գինը, գիտակցում ենք սարսափելի հետևանքները, մենք գիտենք, որ անմեղ մարդիկ՝ կանայք և երեխաներ, ամենաբարձր գինն են վճարում: Դա կործանարար է ոչ միայն նրանց համար, ովքեր անմիջականորեն տուժում են դրանից, այլ նաև ապագա սերունդների համար»,- ասաց նա:
Իմնաձեն ընդգծել է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի, Փարիզի խարտիայի և Բուդապեշտի հուշագրի ներքո ստանձնած պարտավորությունները վերանայման ենթակա չեն.
«Անկախ նրանից, թե որքան մեծ և հզոր լինի երկիրը, տարածքների յուրացումը ուժով կամ սպառնալիքով՝ անօրինական է և անընդունելի»: