Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա, և կառավարությունը ողջունում է հնարավորինս շատ զբոսաշրջիկների և այն բիզնես ընկերությունների ժամանումը Վրաստան, որոնք պատժամիջոցների ցանկում չեն:
Քաղաքապետը նշել է՝ ընդդիմությունը, որն այժմ պահանջում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել, ողջունում էր (իրենց իշխանության եղած ժամանակ- խմբ.) ռուս զբոսաշրջիկների ժամանումը Վրաստան:
«Կարծում եմ, վիզային որևէ ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա… Ժամանեն բիզնես ընկերություններ, որոնց նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել: Մենք ողջունում ենք սա, ոչ մի խնդիր չկա»,- ասել է քաղաքապետը։
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է՝ Վրաստանը չի կարող պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ դա պատերազմի և տնտեսական ճգնաժամի ռիսկեր կստեղծի։
Մայիսի 19-ին տեղի ունեցավ Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթը, որին հաջորդեցին բողոքի ակցիաներ` ինչպես Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, այնպես էլ՝ խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով արգելել թռիչքները։
Հիշեցնենք. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել 2019 թվականից Վրաստանի հետ արգելված ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և 2000 թվականից գործող վիզային ռեժիմի չեղարկման մասին։
Նշենք նաև, որ 2008 թվականից՝ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո, Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։