Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հույս է հայտնել, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը կհանի: Թուրնավան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չնայած սահմանափակումներին, միևնույնն է ռուս զբոսաշրջիկները ժամանում են Վրաստան ցամաքային և ոչ ուղիղ չվերթներով:
«Մենք դրական կվերաբերվենք, եթե այս ամբողջությամբ անիրատեսական սահմանափակումը հանվի և ավիաչվերթները վերագանգնվեն: Անցած տարվա արդյունքները ցույց տվեցին, որ չնայած ամեն ինչին, Վրաստանում ավելանում է զբոսաշրջիկների քանակը, այդ թվում ռուս զբոսաշրջիկները ժամանում են Վրաստան ցամաքային և ոչ ուղիղ չվերթներով»,- հայտարարել է Թուրնավան:
Էկոնոմիկայի նախարարը նաև հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկների անվտանգության թեման որպես պատրվակ կիրառվեց ուղիղ ավիաչվերթների դադարեցման համար, սակայն այսօր ռուս զբոսաշրջիկները գալիս են Վրաստան ու հաստատում, որ նրանց համար Վրաստանն իսկապես անվտանգ երկիր է:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հերթական սրացումը եղավ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Թբիլիսի այցելության ու դրան հաջորդող բողոքի ալիքի հետևանքով: Մոսկվան հուլիսի 8-ից արգելել է Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթները։