ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածու Ռոբին Դաննիգանը, Սենատում կայացած նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանում վտանգավոր գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ ապատեղեկատվություն տարածում, ինչը լրջորեն ազդում է երկրի վրա:
Դաննիգանի խոսքով, ինքը հետևել է Վրաստանում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի պատճառով առաջացած բողոքի ալիքին։
«Կարծում եմ՝ դրանք արտացոլում էին վրաց ժողովրդի ցանկությունը՝ ամուր ինտեգրվելու Արևմուտքին և Եվրամիությանը։ Մենք կրկին ու կրկին տեսնում ենք վրաց ժողովրդի հավատարմությունը այս ճանապարհին, և կարծում եմ, որ մեր ազգային շահերից է բխում շարունակել աջակցել նրանց:
Եվրամիությունը հրապարակել է 12 բարեփոխում, որոնք Վրաստանը պետք է իրականացնի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եթե հաստատվի (նկատի ունի թեկնածությունը-խմբ.), ես սերտորեն կաշխատեմ Վրաստանի կառավարության հետ՝ օգնելու բարեփոխումների արդյունավետ իրականացմանը», — ասել է Դաննիգանը։
Դաննիգանը նշել է՝ ինքը հատկապես կկենտրոնանա չորս առաջնահերթությունների վրա: Նրա խոսքով, նախ, առաջնային պարտականությունն է լինելու ապահովել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան թիմի և Վրաստանում ԱՄՆ բոլոր քաղաքացիների անվտանգությունը:
«Երկրորդ՝ ես կաշխատեմ Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի հետ՝ օգնելու իրականացնել Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին և Արևմուտքին ամուր ինտեգրվելու իրենց երազանքը: Եվրատլանտյան ինտեգրումը կօգնի ոչ միայն Վրաստանի քաղաքացիներին, ես խորապես հավատում եմ, որ դա բխում է նաև ԱՄՆ-ի ազգային շահերից։
Երրորդ՝ ես կուժեղացնեմ երկկողմանի ներդրումներն ու առևտուրը, այդ թվում՝ ավելացնելով ԱՄՆ արտահանման և Վրաստանում ամերիկյան ընկերությունների հնարավորությունները:
Չորրորդ առաջնահերթությունը լինելու է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը մինչև վերջ, քանի որ Ռուսաստանը դեռևս զբաղեցնում է նրա տարածքի 20 տոկոսը»,- ասել է Դաննիգանը։
Ամերիկացի դիվանագետը նաև նշել է, որ կաշխատի վրացի և միջազգային գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները, որոնք նշված են 2008 թվականի հրադադարի համաձայնագրում և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ:
Բայդենը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դաննիգանին