Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնելու Ուկրաինայի սահմանների մոտ, և որ Ռուսաստանը սպառնալիք է Վրաստանի, Մոլդովայի և, ի վերջո, ՆԱՏՕ-ի համար։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի դաժան պատերազմն Ուկրաինայի դեմ, որը խախտում է միջազգային իրավունքը, հարձակում է բոլորի խաղաղության վրա՝ Եվրոպայում և ամբողջ աշխարհում»։ Պիստորիուսը նշել է, որ Ռուսաստանը վաղուց անցել է պատերազմական տնտեսության, շարունակում է զինվել, և արևմտյան երկրները չպետք է մտածեն, որ նա կանգ կառնի Ուկրաինայի սահմանների մոտ։
«Վերջին հաշվով, Ռուսաստանը սպառնալիք է նաև Վրաստանի, Մոլդովայի և, ի վերջո, ՆԱՏՕ-ի համար: Դրա համար մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային, տիկնայք և պարոնայք: Մեր աջակցության դադարեցումը ճակատագրական հետևանքներ կունենա ոչ միայն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը: