Միջազգային հանրության ներկայացուցիչներն արձագանքում են ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու սպանությանը:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Վրաստանի օկուպացված շրջաններում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում, անօրինական է։
«Եվրամիությունը կտրականապես դատապարտում է Կիրբալիում ռուս սահմանապահների կողմից Վրաստանի քաղաքացու սպանությունը և մեկ այլ քաղաքացու ձերբակալությունը: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածին», — գրված է Բորելի X-ի միկրոբլոգի հայտարարության մեջ:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեիչինովիչ Բուրիչը նույնպես պահանջում է վերադարձնել ապօրինաբար ձերբակալված Վրաստանի քաղաքացուն։
«Ես ցավում եմ Վրաստանի Ցխինվալի/Հարավային Օսիայի շրջանի շփման գծի մոտ ռուս օկուպանտների կողմից Վրաստանի քաղաքացու վրա մահացու կրակոցի համար։ Ցավակցում եմ սպանվածի ընտանիքին և Վրաստանի իշխանություններին»,- գրել է նա։
X-ի իր միկրոբլոգում եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը գրել է. «Ռուսաստանը սպանում է: Նրանք սպանում են Ուկրաինայում, Սիրիայում և, իհարկե` Վրաստանում։ Վրաստանն ունի ռուսական օկուպացիայի 200 տարվա փորձ և գիտի, որ ագրեսորին երբեք չի հաջողվում վախեցնել։ Չարի դեմ միայն միասին կանգնելով կարող ենք հաղթել։ Ցավակցում եմ Ռուսաստանի կողմից ևս մեկ զոհի ընտանիքին»:
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանի խոսքով, այդ սարսափելի արարքի ողջ պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։
«Ողբերգական լուր Կիրբալիից: Այս սարսափելի արարքի ողջ պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։ Միայն Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիայի ամբողջական ազատագրումը կարող է ապահովել, որ նման զազրելի միջադեպ չկրկնվի»,- գրել է Լեքսմանը:
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը գրել է, որ ցնցված է ռուսական ուժերի կողմից Թամազ Գինտուրիի սպանությունից. «Ցավակցում եմ նրա ընտանիքին ու հարազատներին։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր անօրինական ներկայությունը վրացական հողում և ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին»:
Հայտարարություն է տարածել նաև Վրաստանում Էստոնիայի դեսպանությունը։
«Խստորեն դատապարտում ենք վրացական օկուպացիոն գծի մոտ տեղի ունեցած ճակատագրական միջադեպը՝ Վրաստանի քաղաքացու սպանությունը։ Ռուսաստանի Դաշնության սահմանապահների կողմից ուժի կիրառումն անընդունելի է: Ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին»,- նշված է հաղորդագրությունում։
Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտել է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով, Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ գտնվող օկուպացված տարածքում՝ փորձելով ապօրինի ձերբակալել տեղի բնակչին, ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները սպանել են Վրաստանի մեկ քաղաքացու։
Միջադեպից հետո Թբիլիսին խնդրել է անցկացնել տեխնիկական հանդիպում, որին կմասնակցեն ռուսական օկուպացիոն ուժերի, օկուպացված Ցխինվալիի շրջանի և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ խորապես վրդովված է և այդ սպանությունը համարում է հարձակում Վրաստանի պետականության վրա: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել սպանվածի ընտանիքին, ինչպես նաև կոչ է արել օկուպացիոն ռեժիմին համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար։