Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերություններում Ժնևյան ձևաչափում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել դեպի Վրաստան ուղիղ չվերթների վերականգնման ուղղությամբ։ Փոխանցում է ռուսական TASS գործակալությունը:
Կարասինը նշել է, որ մինչ համավարակը կողմերը բավականին մոտ էին Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման խնդրի լուծմանը։
«Ցավոք, կորոնավիրուսը խափանեց գործընթացը։ Հույս ունենք, որ այժմ իրավիճակը կկայունանա»,- ասել է Կարասինը:
Նշենք, որ «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanSummit 2022» միջազգային տնտեսական գագաթնաժողովի ժամանակ Կարասինը նշել է նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի հետ շփումն ընդհանուր առմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով շարունակվում է, և այդ ձևաչափի սառեցման մասին խոսակցությունները տեղին չեն։
Կարդացեք նաև՝
Զուրաբ Աբաշիձեն խոսել է վրաց-ռուսական հարաբերությունների մասին
Թբիլիսի-Մոսկվա չվերթների չեղարկումը՝ լծակ Ռուսաստանի ձեռքում