Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով, Ռուսաստանը կակտիվացնի Վրաստանից չվերահսկվող Աբխազիայով երկաթուղու վերականգնման հարցը։ Այս հայտարարությունը Զուրաբիշվիլին արել է Українська правда-ին տված հարցազրույցում։
Զուրաբիշվիլին պնդել է՝ այդ թեմայով շատ է խոսվում։ Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ Ռուսաստանը զգացել է, որ մանևրելու տեղ կա, և իրենք տարբեր հարցեր են բարձրացնում, ինչը բնորոշ է ռուսական մարտավարությանը։
«Իմ կարծիքով, նրանք արդեն շատ առումներով պարտվել են՝ քաղաքական, հոգեբանական, միջազգային։ Նրանք դեռ ամբողջությամբ չեն պարտվել ռազմական ճանապարհով, բայց կպարտվեն։ Նրանք դա զգում են, միաժամանակ` վրացական իշխանություններից ստացել են, մեղմ ասած, ոչ միանշանակ ազդակներ, և հիմա փորձարկում են, թե որքան հեռու կարող են գնալ Թբիլիսիի հետ հարաբերություններում»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, Ռուսաստանին պակասում են քաջությունն ու ուժը։