Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն անվանել բացահայտ հակաարևմտյան, հակադեմոկրատական ուժ:
Ըստ նրա՝ Վրաստանի ներկայիս իշխանություններն արժեզրկում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ ազատությունն ու անկախությունը, և փորձում են շահարկել երկրի համար նույնիսկ ամենասուրբ հարցը՝ տարածքային ամբողջականությունը։
Գախարիան իր կուսակցության հիմնադրման երկամյակին ընդառաջ՝ կուսակցության նախկին և ներկա անդամների աշխատանքը բարձր է գնահատել և հայտարարել, որ Ռուսաստանը երբեք չի հաղթի Վրաստանում:
«Այսօր լրացավ «Վրաստանի համար» կուսակցության հիմնադրման 2 տարին։ Այսօր արդեն պարզ է, թե ինչ պատճառով որ ես հրաժարական տվեցի ու հիմնեցի կուսակցություն, ցավոք` արդարացված էր։
Ես իմ ընտրությունն այն ժամանակ կատարեցի Վրաստանի, Իվանիշվիլիի և այդ ժամանակվա «Վրացական երազանքի» բոսերի պատճառով: Այսօր, երբ Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայի ռազմի դաշտում, նա հաղթում է մեզ «հիբրիդային» պատերազմում»,- գրել է Գախարիան։
Նրա խոսքով, միասնական, ժողովրդավարական, եվրոպական վրացական պետության համար սկսված պայքարը շարունակվում է, և իրենք հաղթելու են այդ ճակատամարտում: