Դեպի Ռուսաստան գինու մատակարարման ցուցանիշով Վրաստանն առաջին տեղն է զբաղեցնում, գրում է RadioTavisupleba-ն՝ վկայակոչելով ռուսական Коммерсантъ պարբերականը:
Ի դեպ, ապրիլին հաղորդվել էր, որ Վրաստանը Ռուսաստան գինու արտահանման ծավալով առաջ է անցել Իսպանիայից։ Իսկ այժմ Վրաստանը շրջանցել է նաև Իտալիային։
Ռուսական մաքսատան տվյալներով, այս տարվա հինգ ամսում Վրաստանից Ռուսաստան է մտել 24,15 մլն լիտր գինի, Իտալիայից՝ 23,36 մլն լիտր։ Տարվա ընթացքում Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճել է 63 տոկոսով, Իտալիայից՝ 32 տոկոսով։ Վրաստանի մասնաբաժինն ընդհանուր ծավալում հասել է 19,1 տոկոսի, իսկ Իտալիայինը՝ 18,5 տոկոսի։
Ռուսաստան գինու արտահանման վերաբերյալ տվյալները հրապարակել է նաև Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ Այս տարվա հունվար-մայիս ամիսներին, ծառայության տվյալներով, դեպի Ռուսաստան արտահանումը կազմել է 69,1 մլն դոլար, ինչը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա հինգ ամիսների համեմատ։ 2022 թվականին Ռուսաստանի մասնաբաժինը վրացական գինու արտահանման մեջ կազմել է 64 տոկոս։
Հիշեցնենք. վրացական արտադրանքի ռուսական շուկան բացվել է 2012 թվականից։