Հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց է կազմակերպել:
Ռուսամետ քաղաքական կուսակցության առաջնորդները իջեցրել են ԵՄ դրոշը, ոտքերով կանգնել դրոշի վրա, հետո` այրել։
Ռուսթավելի պողոտայում հավաքվածները ցանկացել են ԵՄ դրոշի փոխարեն կախել Վրաստանի դրոշը, ինչը կանխել են տեղ հասած մի քանի ոստիկաններ։ Իրավապահները ձերբակալել են «Ալտ-Ինֆո»-ի ղեկավարներից Զուրաբ Մախարաձեին։
Հանրահավաքում հակաարևմտյան և վիրավորական բացականչություններ են հնչում։
Հանրահավաքի կազմակերպիչները 3 պահանջ են ներկայացրել՝ հանրաքվե անցկացնել և «գործակալներին տալ իրենց անունները», ինչպես նաև հուլիսի 5-ին ձերբակալվածներին ազատ արձակել ու պատժի ենթարկել նրանց, ովքեր, ըստ իրենց՝ «հեղաշրջում էին կազմակերպել»:
Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսամետ խմբավորումները խորհրդարանի մոտ իջեցնում և այրում են ԵՄ դրոշը։ Նրանք դա արեցին 2021 թվականի հուլիսի 5-6-ի ցույցերի ժամանակ` երկու անգամ ցած քաշելով խորհրդարանի դիմաց բարձրացված ԵՄ դրոշը։
Ընդգծենք, որ մարտի 7-8-9-ին «օտարերկրյա գործակալների» օրինագծերի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների ընտանիքներին «Ալտ-Ինֆո»-ի անդամները սպառնացել են:
Ըստ տեղեկությունների՝ «Ալտ-Ինֆո»-ն ֆինանսավորվում է հենց Ռուսաստանից:
Ի դեպ, 2022 թվականի հունվարից Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը պատիժ է նախատեսում հասարակական հաստատության տեղադրած/ցուցադրած Եվրամիության, ՆԱՏՕ-ի կամ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական խորհրդանիշը վիրավորելու համար։
Մասնավորապես, Վրաստանի ցանկացած գործընկերոջ կամ միջազգային կազմակերպության պաշտոնական խորհրդանիշի պղծումը կամ պետական հաստատության կանգնեցրած/ցուցադրած դրոշի կամ զինանշանի պղծումը, որի հետ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի` ֆիզիկական անձի հանդեպ նախատեսում է 1 000 լարիի չափով տուգանք:
Եթե այս արարքը կատարել է վարչական տույժի ենթարկված անձը, ապա վերջինս տուգանվում է 2 000 լարիի չափով կամ ենթարկվում վարչական ազատազրկման՝ մինչև 15 օր ժամկետով։