Վրաստանում ռուսամետ քարոզչութուն իրականացնող մեդիաները, կուսակցությունները տարբեր մանիպուլացնող և ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններ են տարածում` այդպիսով փորձելով Վրաստանում հակաարևմտյան ու հակաամերիկյան տրամադրություններ ստեղծել:
Մասնավորապես, ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն, «Ալտ-Ինֆո»-ի հիմնադրած «Պահպանողական շարժում» կուսակցությունը և «Sputnik Georgia»-ն, օգտվելով այս օրերին ռուս-ուկրաինական պատերազմից, իրենց մեդիադաշտում Ուկրաինայի ներկայիս իշխանությանը ներկայացնում են որպես հավաքական Արևմուտքի խամաճիկ և, հետևաբար, մեղադրում, որ նրանք, Ուկրաինայի ազգային շահերով առաջնորդվելու փոխարեն, փորձում են բավարարել Արևմուտքի կարիքները։ «Ուկրաինայում շարունակվող պատերազմը ոչ թե Մոսկվայի ու Կիևի, այլ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև է», «Ուկրաինացիներն ահաբեկիչներ ու նացիստներ են, որոնք զոհաբերում են սեփական ժողովրդին ու բանակին, կոչ են անում բացել երկրորդ ճակատը Վրաստանում և ռադիացիայի վտանգի տակ են դնում Արևելյան Եվրոպան» պրոռուսական հայտարություններով ողողված են նրանց էջերը:
«Փաստորեն, այդ խմբավորումները Կրեմլի հինգերորդ շարասյունն են Վրաստանի տարածքում, որի նպատակն է Վրաստանը վերադարձնել ռուսական ուղեծիր, վերացնել անկախ պետությունը և Վրաստանում ստեղծել արբանյակային ռեժիմ. նրանք ունեն համապատասխան ակնկալիքներ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» հիմնադիր, հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին:
Նանուաշվիլիի խոսքով՝ այս ուժերը կարծում են, որ Կրեմլը կգնահատի իրենց աշխատանքը և կբերի իշխանության, դրա համար էլ սկսել են քաղաքական հարթակ ստեղծել ու նախապատրաստվել ընտրություններին, բացել տարածաշրջանային գրասենյակներ և մոբիլիզացնել համախոհներին։
Նանուաշվիլին նշում է, որ նրանք փորձում են հանրությանը ներկայանալ որպես պահպանողական, ավանդույթների պաշտպան շարժում, բայց իրականում դրանք ատելություն և բռնություն տարածող խմբեր են՝ բռնի ծայրահեղականության դասական ոճով։
«Հենց այս բռնի բնույթն է ցույց տալիս նրանց իրական դեմքը. նրանք պահպանողական կամ այլ գաղափարական խմբավորում չեն, իրենց գործունեությունը սպառնալիք է երկրի զարգացմանը, ժողովրդավարական համակարգին և երկրի անվտանգությանը։ Բռնության այս քարոզչությունն ու գործունեության մեջ դրա կիրառումն է (ինչպես, օրինակ, եղավ անցյալ տարվա հուլիսի 5-ին) այն կարմիր գիծը, որը նրանք հատեցին ու ներկայացան որպես սովորական բռնի խմբեր։ Այդ իսկ պատճառով նրանց գործունեությունը պետք է սահմանափակվի, ինչպես նաև հուլիսի 5-ի արշավանքի կազմակերպիչները պետք է պատժվեն»,- ասում է հանրային նախկին պաշտպանը:
Նանուաշվիլին նկատում է, որ այդ հարցում, ցավոք սրտի, կառավարության անգործությունը պարարտ հող է ստեղծում կրեմլամետ, բռնի խմբավորումների ամրապնդման համար։
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին էլ ասում է, որ Վրաստանում կա ռուսական քարոզչության դեմ պայքարի խոցելիություն. բնակչության մեծ մասը, ցավոք, օգտագործում է տեղեկատվություն, որը բացահայտ սուտ քարոզչություն է, և այստեղ հիմնական խնդիրն այն է, որ վրացական իշխանություններն ու Հաղորդակցության հանձնաժողովը, որը մեծ ձգտում ունի պատժելու քննադատող լրատվամիջոցներին՝ չեն օգտագործում իրենց տրամադրության տակ եղած ռեսուրսներն` այդ քարոզչությունը դադարեցնելու համար:
«Կա քարոզչություն, և կա օբյեկտիվ իրականություն: Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ, պատասխանատու է հազարավոր մարդկանց, կանանց և երեխաների մահվան համար, ուղղակի վտանգ է ներկայացնում Զապորոժիեի ատոմակայանի համար և փորձում է կիրառել միջուկային շանտաժ՝ Արևմուտքին ստիպելու համար, որ դադարեցնի ագրեսիայի զոհ Ուկրաինային աջակցությունը. սա ակնհայտորեն արդունք չի տա»,- ասում է Մելաշվիլին:
Քաղաքագետը նկատում է՝ Վրաստանում ռուսական քարոզչության տարածումը պայմանավորված է երկու շարժառիթով՝ ներքին և արտաքին։
«Արտաքին մոտիվացիան պարզ է ու միանշանակ. սա Կրեմլից եկող քարոզչություն է, որի նպատակն է թուլացնել ու այլասերել վրաց հասարակության բարոյահոգեբանական վիճակը։ Ներքին մոտիվացիան ավելի բարդ է և ներկայացնում է տարբեր գործոնների միահյուսում, առանցքայիններն առնվազն երկուսն են. առաջին գործոնն իշխող ուժի փորձն է՝ կոծկելու սեփական սխալները և իր անհասկանալի, ոչ միանշանակ քաղաքականությունը բարդել արտաքին գործոնների վրա՝ որոշ ժամանակ շահելու և սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Սրան գումարվում է երկրորդ գործոնը, որը հակաամերիկյան և հակաարևմտյան տրամադրության խորացումն է»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Մելաշվիլին:
Քաղաքագետն ընդգծում է՝ վերոնշյալ գործոններն ի վերջո ծառայում են Վրաստանի ազգային շահերի անտեսմանը և Վրաստանի ռուսական ուղեծիր վերադարձին։